Մատչելիության հղումներ

Փորձագետները չեն բացառում Ադրբեջանի կողմից հարձակման նոր փորձ ձեռնարկելու հնարավորությունը


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, արխիվ:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, արխիվ:

Ղարաբաղի հետ սահմանին ադրբեջանական մեծածավալ ուժերի կենտրոնացման վերաբերյալ լուրերի ֆոնին հայաստանյան փորձագետները կարծում են, որ առաջիկայում ռազմական նոր գործողությունների սկսման հավանականություն կա:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, ապրիլյան պատերազմը Ադրբեջանը հաղթանակ է համարում, և դրանով ոգևորված առաջիկա օրերին կամ շաբաթներին կարող է ստատուս քվոն խախտելու նոր փորձ անել:

«Ընդհանուր առմամբ չկա ոչինչ և ոչ ոք, որ թույլ չտա Ադրբեջանին ձեռնարկել ռազմական նոր գործողության փորձ: Զսպող ոչինչ չկա: Ավելին, Ադրբեջանի հարձակումն արդեն ավելի շատ երբ-ի հարց է, քան եթե-ի, քանի որ Ադրբեջանը վերջին հարձակումը հաղթանակ է գնահատում․ 21 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանը կարողացել է գոնե ժամանակավորապես գրավել և պահել տարածք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիրակոսյանը:

Այդուհանդերձ, փորձագետի կարծիքով, նոր հարձակումը չի լինի նույն ուժգնության, ինչ ապրիլի 2-ին էր․ - «Ադրբեջանական ուժերն այնքան պատրաստված չեն և դեռ բավարար վերազինված չեն, որպեսզի սկսեն այդպիսի լուրջ հարձակում: Այդուհանդերձ, մենք պետք է սպասենք հարձակում շփման գծի հյուսիսային և հարավային հատվածներում՝ առավելապես կենտրոնացած վնասներ պատճառելու և, ցավոք սրտի, խաղաղ բնակչությանը թիրախավորելու, բայց պակաս ինտենսիվ և պակաս կոորդինացված, քան ապրիլի 2-ին:»

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, արխիվ:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, արխիվ:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի պնդմամբ՝ Ադրբեջանին ոգևորում է նաև միջազգային հանրության ոչ միանշանակ արձագանքը, ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանն իր որոշումներում ինքնուրույն չէ:

«Երբ որ մենք սկսեցինք հակահարված տալ, բանակը սկսեց շարժվել, անսպասելիորեն ամսի 5-ին կանգնեց: Դա նշանակում է, որ նրանք հասկանում են, որ ինչ-որ մեկը կա, որը կարող է ասել՝ առաջ մի գնա, ու դա կարող է դառնալ իրենց համար այդ ստիմուլը շարունակել այդ պատերազմական գործողությունները», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Փորձագետներն այս պահին բանակցային ճանապարհով խնդրի լուծում չեն տեսնում:

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, միջազգային հանրության կողմից տարվող նախկին մարտավարությունն այլևս չի աշխատում․ - «Հայաստանի համար իրական վտանգը անպայմանորեն Ադրբեջանի հարձակումը չէ, այլ թերևս Մինսկի խմբում Ամերիկայի և Ֆրանսիայի ոչ բավարար ներգրավվածությունն ու Ռուսաստանի դավաճանությունը Հայաստանին»:

Ստեփան Գրիգորյանը նշում է, որ այսօր Հայաստանը պետք է նախաձեռնող դառնա՝ թե՛ ռազմական առումով, թե՛ միջազգային հարթակներում:

Որպես օրինակ նա նշում է հետևյալը․ հիմա հայկական կողմը ստիպված արդարանում է ՄԱԿ-ում, քանի որ Ադրբեջանն է առաջինը դիմել Գլխավոր ասամբլեային՝ մեղադրելով Հայաստանին զինադադարը խախտելու մեջ․ - «Եթե դու նախաձեռնությամբ հանդես չես գալիս, անընդհատ միայն պատասխանում ես, աշխարհում դու չես կարող ձեռք բերել․․․ ես կասեի այսպես՝ աշխարհի համար բացահայտել ճշմարտությունը: Անընդհատ մենք [գնում ենք] երևույթների հետևից: Հենց դրա պատճառով է, որ պաշտոնական մակարդակով արձագանքները այդ քառօրյա պատերազմի մեզ համար շատ անբարենպաստ էին: Ես հիմա կարդում եմ Արտգործնախարարության հայտարարությունները՝ ամեն ինչ ճիշտ է: Բայց, կներեք, երեք շաբաթից ավելի ժամանակ անցավ, նոր այդ ճիշտ քայլերն արվում են: Պետական ինստիտուտները պետք է ադեկվատ լինեն: Ադեկվատությունը այսօր կապված է ոչ միայն խելոք մտքերի հետ, կապված է նաև ժամանակին ասելու հետ»:

Փորձագետները հավանական չհամարեցին ղարաբաղա-ադրբեջանական նոր լարվածության դեպքում Թուրքիայի հնարավոր ուղիղ միջամտությունը՝ հաշվի առնելով Հայաստանի սահմաններում ռուսական զորքերի առկայությունն ու Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելը:

XS
SM
MD
LG