Մատչելիության հղումներ

Թուրքիան և Եվրամիությունը` ազատ վիզային ռեժիմի սահմանման շեմին


Եվրամիության և Թուրքիայի դրոշները

Եվրամիության և Թուրքիայի դրոշները

Այսօր արդեն Թուրքիան հայտարարել է, որ վերացնում է մուտքի արտոնագրերը ԵՄ բոլոր պետությունների` այդ թվում Կիպրոսի քաղաքացիների համար:

Արևմտյան լրատվամիջոցների պնդմամբ, Եվրամիության ղեկավար մարմինը` Եվրոպական հանձնաժողովը, վաղն արդեն կարող է Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու որոշում կայացնել: Այս մասին տեղեկացնում է բրիտանական BBC-ին` պնդելով, որ այս առթիվ քաղաքական որոշումը Բրյուսելում արդեն իսկ կայացվել է:

Որ այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը` անուղղակիորեն վկայում է նաև այն հանգամանքը, որ այսօր արդեն Թուրքիան, իր հերթին, հայտարարեց, թե վերացնում է մուտքի արտոնագրերը Եվրամիության անդամ բոլոր պետությունների` այդ թվում Կիպրոսի հունական հատվածի քաղաքացիների համար: Reuters-ի տեղեկություններով՝ համապատասխան որոշումն այսօր առավոտյան հրապարակվել է թուրքական կառավարության պաշտոնաթերթում:

«Այս քայլը Կիպրոսի պաշտոնական ճանաչում չի նշանակում: Պարզապես, եթե Եվրամիությունը որոշի վերացնել մուտքի արտոնագրերը Թուրքիայի քաղաքացիների համար, մենք էլ այլևս վիզա չենք պահանջի Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիներից», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշել է թուրք պաշտոնյաներից մեկը:

Թուրքիայի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացումը հնարավոր է դարձել փախստականների շուրջ համաձայնագրի շրջանակներում: Այս պայմանավորվածության համաձայն՝ Բրյուսելը հնարավորություն կստանա Թուրքիա վերադարձնել ԵՄ տարածք մուտք գործած անօրինական ներգաղթյալներին: Դրա դիմաց Անկարան ֆինանսական օգնություն է ստանալու եվրապացիներից, իսկ Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն են ստանալու 90 օր ժամկետով ազատորեն մուտք գործել Շենգենյան գոտու տարածք:

«Կարծում եմ, որ շատ հստակ է` վիզային ռեժիմի ազատականացումը չի կարող միակողմանի գործընթաց հանդիսանալ: Այն պետք է ուղեկցվի նախապայմաններով, որոնք չկատարելու դեպքում այս ողջ գործընթացը կամ ընդհանրապես դադարեցվում է, կամ էլ՝ սառեցվում», - երեկ Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:

Ընդհանուր առմամբ, Թուրքիային թվով 72 նախապայման է առաջ քաշված: Դրանց թվում են Կիպրոսի հետ հարաբերությունների հաստատումն ու ազգային փոքրամասնությունների` նախևառաջ քրդերի իրավունքները սահմանափակող օրենքների վերանայումը:

Գերմանական Der Spiegel-ը, վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրները, պնդում է, որ Թուրքիան առաջ քաշված պահանջներից մոտ հինգ տասնյակն արդեն իսկ կատարել է: «Վերջնական հաշվարկը, սակայն, տեղի կունենա չորեքշաբթի օրը», - գրում է գերմանական պարբերականը` նշելով նաև, որ Անկարայի հետ բանակցություններում շրջադարձային էր ապրիլի 23-ին թուրքական Գազիանթեփ քաղաքում կայացած Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովը:

«Թուրքիան այսօր լավագույն օրինակն է աշխարհի համար, թե ինչպես է պետք վարվել փախստականների հետ: Որևէ մեկը Թուրքիային դասեր տալու իրավունք չունի: Ես հպարտ եմ, որ մեր գործընկերը Թուրքիան է, և միանշանակորեն վստահ եմ, որ մենք հաջողության ենք հասնելու», - տասն օր առաջ Գազիանթեփի համաժողովի ավարտին հայտարարում էր Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Արևմտյան մամուլի գնահատմամբ, սակայն, Եվրամիությունն այսօր պարզապես ստիպված է ընդառաջել Անկարային: Der Spiegel-ի հոդվածագիրը, օրինակ, նկատում է․ - «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար վիզային ազատ ռեժիմի սահմանումը մեծ պարգև է: Դրան հասնելու համար նա նույնիսկ սպառնաց տապալել փախստականների շուրջ համաձայնագրի իրագործումը: [Այդ սպառնալիքը] նշանակում էր, որ Թուրքիան փախստականների հոսքը Էգեյան ծովով Հունաստան և Եվրամիության տարածք այլևս չէր կանխելու: Էրդողանը Եվրոպային դրեց շատ հստակ ընտրության առջև` կամ փախստականներ, կամ էլ ազատ վիզային ռեժիմ Թուրքիայի քաղաքացիների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG