Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. Սահմանին հակառակորդի կուտակած զորքն այժմ ապրիլի համեմատ ավելի մեծ է


Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 3-ը մայիսի, 2016թ․

Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 3-ը մայիսի, 2016թ․

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ հետախուզությունն ամեն ինչ տեսնում է, լսում է։

«Ղարաբաղյան շփման գծում այժմ հակառակորդի կուտակած զորքերի թիվն ավելի մեծ է, քան ապրիլյան պատերազմի ժամանակ», - այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Իրավիճակը նախորդի նման չէ՝ բավականին ավելի մեծ զորախմբերի շարժի մասին է խոսքը։ Հետախուզությունն ամեն ինչ տեսնում, լսում է, և եթե չլիներ, համապատասխան հայտարարություններ չէին լինի։ Ինչքան է, ինչ է՝ չեմ կարող ասել՝ օբյեկտիվ պատճառներով», - նշեց Հովհաննիսյանը։

Պաշտպանության նախարարի խոսնակը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերի հետախուզությունը ուշադիր հետևում է Ադրբեջանի զորքերի տեղաշարժին։

Ապրիլյան պատերազմից հետո հետախուզության հասցեին քննադատություններ էին հնչում, մինչդեռ, պաշտոնյայի խոսքով, այդ օրերին բազմաթիվ դրվագներ են եղել, երբ հետախուզության լավ աշխատանքի շնորհիվ հակառակորդի շատ գործողություններ կասեցվել են։

Այս պահին էլ, նրա փոխանցմամբ, ղարաբաղյան առաջնագծում ուժեղացված հսկողություն է իրականացվում, բանակին օգնում են նաև կամավորականները։

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել, և հետևաբար այս պահին անակնկալության գործոնն ավելի է նվազել, ինչ մնում է կոնկրետ այն ժամանակ ինչպես եղավ և այլն, կան ռազմական խորամանկության հնարքներ՝ երկարաժամկետ ընտելացնել ինչ-որ իրավիճակի, փորձել խուսանավել, փորձել շեղել ուշադրությունը և այլն։ Իհարկե, այն ժամանակ շուրջ տարիուկես է տևել այդ, այսպես ասած, խորամանկության քայլերի դրսևորումը, իսկ հիմա, ըստ էության, կարճ ժամանակ է, և զորքերը լիովին պատրաստ են», - ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այս պահին Հայաստանում զորահավաք չկա, բայց տարածքային զինկոմիսարիատները հաշվառում են կատարում։

Անդրադառնալով նաև 80-ականների զենքի մասին նախագահի աղմկոտ հայտարարությանը՝ Հովհաննիսյանն ասաց, որ աշխարհի ամենալավ զենքը հենց 80-ականների զենքն է։

Եղած զենքով, ըստ Հովհաննիսյանի, հնարավոր է պայքարել նաև անօդաչու թռչող սարքերի դեմ։ «Երբ որ ամբողջ աշխարհում էս միջոցների դեմ պայքարի համար լավագույն փորձագետները, լավագույն պետությունները, որոնք հարյուրամյա ռազմական ավանդույթներ ունեն, փորձում են գտնել միջոց, մենք էլ ենք փորձում, ու, ինչպես ցույց տվեց փորձը, 14 հատ խոցեցինք, նշանակում է՝ գիտենք ձևերը, գիտենք մեթոդները ու ամեն ինչ չենք կարող բացել ուղղակի», - ասաց Հովհաննիսյանը։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ զինված ուժերում նաև ժամանակակից զենքեր կան՝ վստահեցնելով, որ զենքի համալրման գործընթացն անընդհատ շարունակվում է։

«Մեր զինանոցում կան զենքեր, անգամ աշխարհի ամենաառաջատար պետությունների համար որոնք շատ-շատ լավն են, կարևոր են ու շատերի համար անգամ երազելի զենքեր են, բայց դրանով հանդերձ, նաև կա առանձին աշխատանք վարկի մասով, այսինքն՝ վարկի սահմաններում ևս մատակարարվում են այլ զենքեր, ընդ որում, այդ զենքը չէ, այլ զինատեսակներ են», - ասաց Հովհաննիսյանը։

Այսօր սահմանին կրակոցներ կրկին հնչել են։ Պաշտպանության բանակի փոխանցմամբ, շփման գծում Ադրբեջանը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 միլիմետրանոց ականանետեր: Ղարաբաղի զինված ուժերը վստահեցնում են, որ տիրապետում են իրադրությանը։

XS
SM
MD
LG