Մատչելիության հղումներ

Զենքի վաճառք՝ ուղղակի բիզնե՞ս. Ռուսաստանի և ԱՄՆ-ի զենքի վաճառքի կանոնների տարբերությունների մասին


Ռուսական արտադրության տանկերը Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ, արխիվ

Ռուսական արտադրության տանկերը Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ, արխիվ

Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Ռուսաստանում խորհրդարանը զենքի վաճառքի որոշումների կայացման հարցում որևէ դեր չի խաղում:

Ապրիլի քառօրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում նոր հարցեր բարձրացրեց համաշխարհային զենքի վաճառքի կանոնների վերաբերյալ:

Ո՞րն է միջազգային զենքի վաճառքի ընդունված կարգը: Ովքե՞ր են զենք վաճառում հակամարտության մեջ ներգրավված երկրներին և ի՞նչ մակարդակի վրա են գտնվում Լեռնային Ղարաբաղի սեփական զինված ուժերը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հետ զրուցել է աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի փորձագետ Սայմոն Վեյզեմանը:

«Զենքերի վաճառքն անշուշտ արտաքին քաղաքականություն է, ուստի, այստեղ որոշումներն ընդունվում են միջազգային քաղաքականության համատեքստում», - նշել է նա:

Նրա խոսքով, զենքի համաշխարհային վաճառքի ոլորտում գործում է ընդամենը երկու սահմանափակում․ արգելվում է զենք վաճառել երկրներին, որոնց վրա համապատասխան պատժամիջոցներ է դրել ՄԱԿ-ը, և արգելվում է որոշ տեսակի զենքեր վաճառել, ասենք՝ ականներ, եթե երկիրը միացել է տվյալ զենքի վաճառքն արգելող պայմանագրին: Այդ երկու կետերից զատ որևէ այլ ֆորմալ սահմանափակում չկա:

«Սակայն որոշ երկրներում հասարակությունը մասնակցում է զենքի վաճառքի գործարքների որոշումներ ընդունելիս: Միացյալ Նահանգներում, օրինակ, այն արվում է բաց և անպայման Կոնգրեսի հավանությունը ստանալու դեպքում: Ֆրանսիայում նույնպես խորհրդարանը պետք է հավանություն տա նման գործարքներին: Սակայն Ռուսաստանում Դուման որևէ դեր չի խաղում, և զենքի վաճառքի որոշումն ընդունվում է միայն կառավարության կողմից», - ասել է Վեյզեմանը:

Հիշեցնենք, որ 2012-ին Միացյալ Նահանգներում, որը երբեք Ադրբեջանին զենք չի վաճառել, սկսել էին քննարկել Բաքվին որոշ տեսակի զենքերի վաճառքի հնարավորությունը: Այդ խոսակցություններն ի հայտ գալուն պես ԱՄՆ-ի կոնգրեսականները նամակ ուղղեցին Պետքարտուղարություն՝ պահանջելով արգելել հնարավոր գործարքը, որից հետո Պետքարտուղարությունն արգելք դրեց Ադրբեջանին ցանկացած զենքի վաճառքի վրա:

«Լեռնային Ղարաբաղի խնդրից զատ, Արևմուտքի երկրները արգելում են զենքի վաճառքն Ադրբեջանին՝ հաշվի առնելով այդ երկրի ինքնակալական համակարգը», - նշել է Վեյզեմանը:

Այսօր Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներն են Ռուսաստանը, Բելառուսը, Թուրքիան և Իսրայելը: Եվրամիությունը հատուկ որոշում է ընդունել, որն արգելում է անդամ պետություններին կողմերին զենք վաճառել: Նույն արգելքն է ընդունել Միացյալ Նահանգները:

Սակայն, Սայմոն Վեյզեմանի խոսքով, Ադրբեջանի հիմնական խնդիրը նավթային եկամուտների նվազումն է. - «Տնտեսական դժվարությունների և նավթի գների անկման պատճառով, Ադրբեջանի ռազմական բյուջեն, թեև մնալու է Հայաստանի ռազմական բյուջեից զգալիորեն ավելի, լուրջ խնդիրներ է ունենալու, և մենք դեռ կտեսնենք, թե ինչպես են իրենց պահելու զենքի մատակարարները, երբ Ադրբեջանն ի վիճակի չլինի վճարել կանխիկ դրամ գնված զենքի դիմաց»:

Հայաստանի ռազմական բյուջեն մնում է սահմանափակ, սակայն, փորձագետը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի սեփական զինված ուժերն իրենցից լուրջ ուժ են ներկայացնում. - «Միանշանակ է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը զարգացել և դարձել է բավականին լուրջ ուժ, որն ի վիճակի է որոշակի առումով ինքն իրեն պաշտպանել նույնիսկ առանց Հայաստանի ուժերի ուղղակի աջակցության»:

Փորձագետը հիշեցրել է, որ թեև զենքի միջազգային վաճառքը բիզնես է՝ իր կոշտ օրենքներով, բազմաթիվ զարգացած երկրներ իրենք իրենց առջև որոշակի բարոյական արգելքներ են դնում՝ հրաժարվելով զենք վաճառել հակամարտության մաս հանդիսացող ոչ ժողովրդավարական երկրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG