Մատչելիության հղումներ

Զուրաբյանը դեռ հնարավոր է համարում իշխանության հետ ԸՕ-ի շուրջ կոնսենսուսը


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, արխիվ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, արխիվ:

Հանրապետականի ներկայացուցիչները չեն բացառում քննարկումների վերսկսումը, բայցև չեն էլ հստակեցնում, թե դրանք երբ կարող են տեղի ունենալ։

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, իշխանության, ընդդիմության ու քաղհասարակության միջև Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կոնսենսուսի ձեռքբերումը դեռ հնարավոր է։

Իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև 4+4+4 պայմանական ձևաչափով բանակցությունները դադարեցին, երբ ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարեցին, որ իշխանությունը, ըստ էության, մերժել է իրենց միասնական պահանջները:

«Առաջին ընթերցմամբ որևէ փաստաթղթի ընդունումը դեռ չի բացառում, որ հնարավոր է հասնել կոնսենսուսի», - այսօր նշեց Զուրաբյանը:

Հանրապետականի ներկայացուցիչները չեն բացառում քննարկումների վերսկսումը, բայցև չեն էլ հստակեցնում, թե դրանք երբ կարող են տեղի ունենալ։

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն անցած շաբաթ կարևորում էր խորհրդարանում ընթացող քննարկումները, այսօր՝ նախագծի առաջին ընթերցումից հետո, խոսում է իր ղեկավարած հանձնաժողովում վաղը երեկոյան կայանալիք նիստից․ - «Այս պահին առաջնայինը մեր համար աշխատանքային քննարկումներն են: Մի հատ ի մի բերենք՝ ինչ ունենք և ինչ չունենք»:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ):
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ):

Սահակյանը նաև պնդեց․ - «Կոնսենսուսի կայացումը երևում է քվեարկության ընթացքում․․․ 4+4+4+4-1 սկզբունքը թողնենք մեկ այն կողմ: Ազգային ժողովի պատգամավորների 98 ձայնը կողմ արտահայտվեց նոր Ընտրական օրենսգրքի նախագծին, 9 դեմ և 5 ձեռնպահ․․․ Արդյո՞ք սա չի խոսում կոնսենսուսի մասին: Իհարկե խոսում է»:

Զուրաբյանը հակադարձեց․ - «Իրականում շատ լավ էլ բոլորը գիտեն ում են ներկայացնում պառլամենտում գործող ուժերի մեծամասնությունը: Այս թվերով միջազգային հանրությանը խաբել հնարավոր չէ: Եվ եթե կոնսենսուսի չհասնենք, կոնսենսուսի, որը ընդունելի է և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ քաղաքացիական հասարակության համար, ուրեմն միջազգային հանրությունն էլ, վստահ եմ, դրական չի արձագանքի որևէ նախագծի ընդունմանը»:

Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին իր մասնակցությունն առկախած ՀԱԿ-ը հայտարարել էր, թե պատրաստ է վերսկսել բանակցությունները, եթե իշխանությունը կատարի իրենց միասնական պահանջներից առնվազն երկուսը՝ մաքրի ընտրացուցակները, տեղադրի տեսախցիկներ:

Զուրաբյանն ասաց, որ քննարկումների վերսկսման դեպքում կրկին պնդելու են միասնական պահանջները․ - «Այդ պահանջների պահանջատերն են և՛ քաղաքացիական հասարակությունը, և՛ ամբողջ ընդդիմությունը: Այդ պահանջները, ուստի, պատահական պահանջներ չեն․ դրանք ընտրակեղծարարության տևական տարիների փորձի ուսումնասիրության հիման վրա մշակված պահանջներ են: Եվ բանակցված պահանջներ են»:

Զուրաբյանի խոսքով, իրենք էլ պատրաստ են զիջումների, բայց հիմնական անելիքն իշխանությանն է․ - «Կողմնակից չենք շատ կոշտ, անճկուն մի պահվածքի: Որոշ հարցերում զիջել ենք և պատրաստ ենք նաև զիջելու, բայց զիջումների առյուծի բաժինը պետք է գա իշխանությունների կողմից: Սա ակնհայտ է բոլորի համար: Որովհետև ընդդիմությունը չէ, կամ քաղաքացիական հասարակությունը չէ, որ տարիներ շարունակ կեղծել է ընտրությունները»:

«Բացառությամբ նույնականացման քարտի, որ միայն նույնականացման քարտով պետք է քվեարկեն, որը և՛ տեխնիկապես, և՛ մասնագետների հավաստմամբ անհնար է, որպեսզի միասնական փաստաթուղթ կարողանանք ապահովենք ընտրություններին մասնակցության առումով, մյուս բոլոր առաջարկները գտել են իրենց լուծումը: Այստեղ ի՞նչ է մնում․ մնում է, որ միայն քաղաքական շեշտադրումների կամ հայացքների ներքո հայտարարենք, որ չի՞ եղել կոնսենսուս: Չեմ կարծում, որ սա ճիշտ է, առավել ևս այս պայմաններում և այս պահին», - ասաց Հովհաննես Սահակյանը:

XS
SM
MD
LG