Մատչելիության հղումներ

logo-print

Օմբուդսմենը հորդորում է վերականգնել գործազրկության նպաստը


Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նպաստի վերացումը ուղղակիորեն հակասում է սոցիալական պետության սկզբունքներին և չի բխում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից:

2015 թվականի զեկույցում օմբուդսմենը հիշեցնում է, որ այս մասին նաև մտահոգություն հայտնել է նախորդ՝ 2014-ի զեկույցում, սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մինչև օրս չեն արձագանքել քննադատությանը:

Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, որ անկախացումից ի վեր Հայաստանում սոցիալական ապահովագրության համակարգ չի եղել, ուստի չկա ամբողջական մի ինստիտուտ, որ կլուծեր գործազրկությանն առնչվող բոլոր խնդիրները:

Այդուհանդերձ, պաշտոնյան պնդում է, թե 2014 թվականի հունվարի 1-ից գործազրկության նպաստին փոխարինելու եկած «ակտիվ ծրագրերի» հիմքում դրված է կարիքի գնահատումը․ - «Չէր էլ համապատասխանում մինչև այս փոփոխությունները: Ունենալ անուն՝ գործազրկության նպաստ․․․ բայց բովանդակության մեջ չենք ունեցել այն, ինչ որ դրված է այդ կոնվենցիաների հիմքում: Նաև միջազգային փորձը վկայում է այդ մասին: Այսինքն այդպիսի մոդել չենք ունեցել և այսօր չունենք»:

Ի դեպ, առաջիկայում էլ հստակ ուրվագծված չէ, թե երբ է կառավարությունը մշակելու սոցիալական ապահովագրության ամբողջական համակարգ:

Դեռ Տիգրան Սարգսյանի կառավարությունը պնդում էր, թե նպաստների «մեծ մասը փոշիացվում է», ուստի հարկ է գումարներն ուղղել գործազուրկների վերապատրաստմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Այսօր, սակայն, հիմնավորումներն այլ են․ կառավարությունը բավարարվում է բացատրությամբ, թե 18 հազար դրամ գործազրկության նպաստը չի մեղմել սոցիալական լարվածությունը, իսկ իրականացվող15 ծրագրերը հստակ հնարավորությունների դաշտ են ստեղծում:

«Այն հիմնական գործառույթը, որ ասում ենք 18 հազար դրամ վճարում ենք, իրականում ասացինք, որ սա կենսապահովման խնդիր չի լուծելու: Դրան փոխարինող, կոնկրետ նպատակադրված ակտիվ ծրագիր ունենք արդեն նոր մոդելի ներքո, և դա փաստորեն գործատուներին այցելության համար գործազուրկին վճարվող դրամական օգնության ծրագիր է», - օրինակ բերեց Ավետիսյանը:

Այդուհանդերձ, այս փոփոխության դրական ազդեցությունը սեփական մաշկի վրա չեն զգում 18 հազար դրամ նպաստից զրկված և անցած երկու տարիների ընթացքում ակտիվ ծրագրերի միջոցով այդպես էլ աշխատանք չգտած մարդիկ:

«Երկու տարի Շենգավիթի զբաղվածության տարածքում ես հաշվառված էի: Ոչ մի տեսակի գործ ինձ չառաջարկվեց, անգամ՝ հավաքարարի», - ասաց միջին տարիքի գործազուրկ մի կին:

Չնայած այս բողոքներին, նախարարությունը ղեկավարվում է իր հաշվետվության տվյալներով, այն է՝ նպաստ ստանալու ընթացքում գործազուրկների ընդամենը 4-5 տոկոսն է աշխատանք գտել: Մինչդեռ ներկայիս ակտիվ ծրագրերը, նախարարության աշխատակցի խոսքով, շոշափելի արդյունքներ են տալիս: 2016 թվականի ծրագրով նախատեսված է, որ դրանց շնորհիվ գործազուրկների շուրջ 25 տոկոսը աշխատանք կգտնի, իսկ 2014-2015 թվականների ցուցանիշներն է՛լ ավելի բարձր են եղել․ - «Ծրագրեր ենք ունեցել 80 տոկոսն է եղել, իսկ ամենանվազը, որ եղել է, աշխատանքի տեղավորման 50 տոկոս արդյունք մենք ունեցել ենք ուսուցման ծրագրում:

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը կասկածի տակ է առնում այս թվերը: Նրա կարծիքով, կառավարությունը պարզապես փորձում է արդարացնել ձախողված ծրագիրը, քանի որ տարիների ընթացքում գործազրկության աճող ցուցանիշներն արդեն իսկ վկայում են դրանց անարդյունավետության մասին:

Թունյանը ուշադրություն է հրավիրում թվաբանական մի պարզ հաշվարկի վրա․ 2013-ին գործազրկությունը եղել է 16.2 տոկոս, ակտիվ ծրագրերը կյանքի կոչելուց անմիջապես հետո այն 1.3 տոկոսով աճել է, իսկ արդեն 2015-ին հասել 19.5 տոկոսի․ - «Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ վերջին երկու-երեք տարվա ընթացքում Հայաստանից տարեկան մոտավորապես 40 հազար մարդ է գնացել, իսկ գնացողները եղել են հիմնականում աշխատունակ տարիքի մարդիկ, իրականում ոչ թե գործազրկության մակարդակը ավելացել է 2-3 տոկոսային կետով, այլ ավելի շատ: Փորձը ցույց է տվել, որ այդ տիպի ծրագրերը արվում են ուղղակի արվելու համար»:

XS
SM
MD
LG