Մատչելիության հղումներ

Նալբանդյան. Ժամանակն է, որ միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու համար


Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունեցել Հելսինկիի համալսարանում։

Չնայած 1994 և 1995 թվականների զինադադարի եռակողմ համաձայնագրերն անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին, ըստ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները։

«Ղարաբաղյան հակամարտության հիմքում միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումն է: Տասնամյակներ շարունակ այդ իրավունքի իրականացումը խոչընդոտվել է բռնակցման, էթնիկ զտումների, կոտորածների և ռազմական ագրեսիայի պատճառով: Այնուամենայնիվ, պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անհնար է անտեսել ինքնորոշման ուղին բռնած ժողովուրդների ընտրությունը», - ելույթ ունենալով Հելսինկիի համալսարանում՝ ասել է Նալբանդյանը:

Չկարողանալով խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ըստ Նալբանդյանի, Ադրբեջանը ստիպված էր 1994 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ կնքել զինադադարի, 1994 թվականի հուլիսին՝ զինադադարի վերահաստատման և 1995 թվականին փետրվարին՝ հրադադարի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերը:

«Հաջորդող տարիների ընթացքում բանակցություններն անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը Ֆինլանդիան էր (այս գործընթացում ներգրավված են եղել այնպիսի ականավոր ֆինն դիվանագետներ, ինչպես Հեյկի Տալվիտիեն և Ռենե Նիբերգը): Այս ձևաչափով բանակցությունների բազմաթիվ փուլեր են տեղի ունեցել նախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, սակայն, արդյունք չի արձանագրվել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկությունների շարունակական մերժման պատճառով», - ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ բանակցությունների էությունը եղել է մի կողմից խնդրի քաղաքական կարգավորում գտնելու անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի ամրապնդումը:

«Այս ապրիլի սկզբից Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որին թիրախ դարձան նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը: Եղան հարյուրավոր զոհեր և վիրավորներ», - ասել է Նալբանդյանը՝ հավելելով. - «Հրադադարի փխրուն ռեժիմի ավելի քան 20 տարվա ընթացքում սա դարձավ աննախադեպ ապակայունացում՝ ծանր սպառազինության, տանկերի, հրթիռների, հրետանու, օդուժի կիրառմամբ»:

«Բաքվի կողմից հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումը, սեփական հասարակությանը ռազմատենչ հռետորաբանությամբ սնուցումը և հայերի դեմ ատելության սերմանումը վաղ թե ուշ չէին կարող նման իրադրության չհանգեցնել: Սա այն է, ինչի մասին վերջին տարիների ընթացքում զգուշացրել ենք մեր միջազգային գործընկերներին», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Նալբանդյանը:

Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության մեջ, Հայաստանի արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանը մեղադրում է հայերին, ինչպես նաև միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի:

«Նման անհիմն մեղադրանքներին կարելի է արձագանքել մի քանի հռետորական հարցադրումներով: Ո՞վ է մերժում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները որպես բանակցությունների հիմք: Ո՞վ է ընդդիմանում վստահության ամրապնդման միջոցների ներդրմանն ուղղված բոլոր առաջարկություններին՝ սկսած հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուց մինչև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ո՞վ է մեղադրում համանախագահ երկրներին, այդ թվում նրանց անվանելով «սադրիչներ» և պիտակավորելով որպես «իսլամաֆոբներ»: Ո՞վ է մշտապես փորձում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունները տեղափոխել այլ հարթակներ` հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային մանդատ չունեցող և նախկինում որևէ հակամարտություն չկարգավորած կառույցներ: Այդ բոլոր հարցերի պատասխանն է՝ Ադրբեջանը», - ասել է Նալբանդյանը:

Նա նշել է, որ Բաքուն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները բանակցություններում ցանկացած առաջընթաց տապալելու համար` զուգահեռաբար գնելով աննախադեպ քանակության հարձակողական սպառազինություն և այնուհետև հայտարարելով, թե իրավունք ունի ուժ կիրառել, քանի որ բանակցություններում որևէ հեռանկար չի տեսնում: «Առավել պարզ ասած, Ադրբեջանը, ձախողվելով բանակցություններում, փորձեց հաջողություն գտնել ռազմական ճանապարհով, ուր ևս ձախողվեց: Ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը բազմիցս դատապարտվել է միջազգային հանրության կողմից: Մեր հարևանը է'լ ավելի հեռուն է գնացել՝ որդեգրելով զանգվածային ահաբեկման միջոցով իր կամքը պարտադրելու չափազանց վտանգավոր քաղաքականություն», - իր ելույթում ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Նալբանդյանը նշել է, որ քառօրյա պատերազմի ընթացքում, կիրառելով «Գրադ» տեսակի հրթիռային կայանքներ, Ադրբեջանը հրետանակոծության է ենթարկել Լեռնային Ղարաբաղի դպրոցները, որի հետևանքով աշակերտներ զոհվեցին և վիրավորվեցին, Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, ներառյալ՝ 92-ամյա կին, դաժան կտտանքների ենթարկվեցին, անդամահատվեցին՝ կտրվեցին նրանց ականջները, և այնուհետև սպանվեցին: «Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գերեվարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին [«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը] բնորոշ ոճով գլխատվեցին», - ասել է նա` շարունակելով. - «Դա հոխորտանքով ի ցույց դրվեց Ադրբեջանի քաղաքներում ու գյուղերում, հրապարակվեց սոցիալական ցանցերում: Ավելին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղի ունեցավ հայ զինծառայողների մարմինների վերադարձ, ակնհայտ էր, որ բոլորն անխտիր ենթարկվել են խեղման: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերի հրետանակոծումը շարունակվում է մինչ օրս: Դրանք միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են»:

«Տարիներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը է'լ ավելի է խորանում Ադրբեջանում: Սա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խոր անհանգստությամբ ահազանգել է «պաշտոնական և լրատվամիջոցների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասական քարոզչության» կապակցությամբ և հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպով արձագանքել հայերի հանդեպ խտրականության և ատելության քարոզչության բոլոր դրսևորումներին», - ասել է Նալբանդյանը։

Լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելուն զուգահեռ, ըստ Հայաստանի արտգործնախարարի, Ադրբեջանը նաև մեկ այլ նպատակ է հետապնդում: «Փորձ է կատարվում չեղարկել 1994-1995 թվականների զինադադարի համաձայնագրերը: Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված զինադադարի եռակողմ այդ համաձայնագրերն անժամկետ են: Ավելին, 1994 թվականի զինադադարի վերահաստատման համաձայնագրով կողմերը պարտավորվել են «պահպանել զինադադարի ռեժիմը մինչև քաղաքական մեծ պայմանագրի կնքումը»: ԵԱՀԿ համապատասխան որոշումներով ու հայտարարություններով բազմիցս աջակցություն է հայտնվել այդ համաձայնագրերին», - ասել է Նալբանդյանը։

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն իսկ հայտնել են իրենց դիրքորոշումը Ադրբեջանին՝ կրկին և կրկին ընդգծելով, որ 1994 և 1995 թվականների համաձայնագրերը, որոնք, ինչպես և նախկինում, շարունակում են անժամկետ մնալ, հանդիսանում են հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքը: Համանախագահները կոչ են արել խստորեն հարգել վերոնշյալ համաձայնագրերը և թույլ չտալ դրանց ոտնահարումը։

Նալբանդյանը հայտարարել է, որ Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին և լրջորեն խաթարել է խաղաղ գործընթացը: «Այսօր մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ: Առանց հրադադարի ռեժիմի իրական ամրապնդման՝ բանակցային գործընթացը կհանդիսանա սոսկ ադրբեջանական շանտաժի գործիք: Այդ համատեքստում միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ընդգծել են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մշտապես ողջունել են այդ առաջարկները: Ադրբեջանը ոչ միայն մերժեց դրա իրականացումը, այլ նաև հրադադարի ամրապնդման միջոցառումները հրապարակայնորեն ամենաբարձր մակարդակով որակեց որպես «տարօրինակ և զավեշտալի առաջարկություն»: Փաստորեն 21-րդ դարում կան առաջնորդներ, որոնց համար մարդկային զոհերը կանխող նախաձեռնությունները կարող են թվալ տարօրինակ և զավեշտալի», - ասել է Նալբանդյանը:

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ մյուս առաջարկությունը, որի իրականացումը շարունակ խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ընդլայնումն է:

«Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը աջակցում են այս առաջարկությանը, սակայն Բաքուն ոչ միայն չի ցանկանում լսել այդ մասին, այլև անում է ամեն ինչ նվազեցնելու դրա դերակատարությունը` մտադրություն ունենալով արգելափակելու նրանց գործունեությունը, ինչպես եղավ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի պարագայում: Ավելին, Ադրբեջանը սկսել է խոչընդոտել ԵԱՀԿ դիտորդների կողմից շփման գծում դիտորդական առաքելությունների իրականացմանը: ԼՂ հակամարտության էությունը, որը եղել է և մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ և անվտանգ կերպով իր ապագան տնօրինելու իրավունքը», - ասել է Նալբանդյանը:

Արտգործնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի մաս: «Այն բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին Ստալինի կողմից: Ավելին, տասնամյակների ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրել է էթնիկ զտումների քաղաքականություն` սպառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը, իսկ այնուհետև սանձազերծել բացահայտ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ՝ միջազգային ահաբեկչական կառույցների հետ կապ ունեցող վարձկանների օգտագործմամբ», - ասել է Նալբանդյանը:

«Չնայած 1994 և 1995 թվականների. եռակողմ զինադադարի համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, է'լ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով», - ասել է Նալբանդյանը՝ ընդգծելով, որ ներկա պայմաններում ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին:

Ապրիլյան լայնամասշտաբ ռազմական հարձակումը, ըստ Նալբանդյանի, լուրջ հարված էր՝ ուղղված բանակցային գործընթացին և առավել քան 20 տարվա ընթացքում համանախագահների գործադրած ջանքերին: «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ապացուցել են իրենց հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Դժբախտաբար, Ադրբեջանը մշտապես ընդդիմանում է դրան: Տարածաշրջանում նոր պատերազմից խուսափելու համար միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն պարտադրելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը», - ասել է Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG