Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է Ֆինլանդիայի արտգործնախարարին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Պաշտոնական այցով ‪Հելսինկիում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիին:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, զրուցակիցները պայմանավորվել են ակտիվացնել բարձր մակարդակով փոխայցելությունները, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունները, սերտացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությունը:

Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:

Կողմերն անդրադարձել են ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցություններին: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը:

«Հայաստանի արտգործնախարարը Ֆինլանդիայի իր գործընկերոջը ներկայացրել է Ղարաբաղի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումն ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը», - ասված է հաղորդագրությունում։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ «չնայած 1994 և 1995 թվականների զինադադարի եռակողմ համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին, Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմերին մեղադրել այն ամենում, ինչը հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար»: «Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով», - շեշտել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը հանձնառու է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, իսկ այլընտրանք չունեցող բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով, ըստ Նալբանդյանի, հարկավոր է կյանքի կոչել համանախագահների առաջարկը` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ, և երաշխավորել 1994 և 1995 թվականների զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը:

Թիմո Սոինին այս առումով ընդգծել է, որ Ֆինլանդիան ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը և բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ապահովելուն ուղղված նրանց նախաձեռնությունները։ Ֆինլանդիայի արտգործնախարարը հավելել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։

Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր` Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչության դեմ պայքարը:

Նալբանդյանը Թիմո Սոինիին հրավիրել է այցելել Հայաստան: Հանդիպման ավարտին նախարարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG