Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղում է


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան

«Խրամատում գտնվող զինվորը պետք է հասկանա, որ ազգը միասնական է արտաքին վտանգը հետ մղելու հարցում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Լեռնային Ղարաբաղ կատարած այցին։

Տեր-Պետրոսյանն այսօր Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ մեկնել է Ղարաբաղ, որտեղ հանդիպելու է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը վերջին անգամ Ղարաբաղում եղել է 2007 թվականին։

«Տեր-Պետրոսյանը, եթե հարկ համարի, ինքը կբացահայտի որոշ մանրամասներ, ինչպես, օրինակ, արեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, երբ որ բավականին ծավալուն հարցազրույցով մեկնաբանեց։ Առաջին նախագահն ինքը կորոշի», - ասաց Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել էին ապրիլի 9-ին, զրուցել սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումների մասին:

Հարցին, թե արդյո՞ք ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարներն իսկապես ունեն Տեր-Պետրոսյանի խորհուրդների կարիքը՝ հաշվի առնելով այս հանդիպումները, Զուրաբյանը պատասխանեց. - «Դուք պետք է մի բան հասկանաք, որ այս հանդիպումների ամենակարևոր նշանակությունը կապված է նրա հետ, որ մեր զինվորը խրամատում, մեր բանակը, մեր ժողովուրդը պետք է իմանան, որ մեր ազգը միասնական է արտաքին վտանգը հետ մղելու իր վճռականության մեջ։ Այսինքն՝ այստեղ ավելի կարևոր է այդ հանգամանքը»։

Ճշտող հարցին, թե առաջին մեսիջը հենց դա՞ էր, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց. - «Պետականորեն մտածող ընդդիմության գործը նման ճգնաժամային, ճգնաժամային ասելով ես նկատի ունեմ ռազմաճակատում ճգնաժամը, ճգնաժամային վիճակներում պետք է լինի ոչ թե քննադատելը կամ խորհուրդ տալը, այլ հատուկ համազգային ոգու և համախմբվածության մթնոլորտի ստեղծմանն ուղղված աշխատանքը։ Եվ բնականաբար ինքը նաև դրա մասին ասում է, որ իր հանդիպումների հիմնական նշանակությունը սա է։ Իհարկե դա չի բացառում, ի վերջո առաջին նախագահ է, մի մարդ, որը 88-ից սկսած, կարելի է ասել, զբաղվում է ղարաբաղյան խնդրով, հակամարտության ամբողջ ընթացքին ծանոթ է, պրոֆեսիոնալ դիվանագետ է, որը տիրապետում է ղարաբաղյան հակամարտության հետ կապված ամբողջ դիվանագիտական գործընթացին, իհարկե չի բացառվում, որ ինքը կարող է որոշակի խորհուրդներով հանդես գալ, բայց միայն մի դեպքում, եթե այդ խորհուրդն իրենից հարցնում են։ Իսկապես խնդիրը նա չէ, թեկուզ և մեծ փորձ ունենալով, նա ինչ-որ բան փորձի փաթաթել այսօրվա իշխանությունների վզին»։

Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ, նման ճգնաժամային իրավիճակներում ընդդիմությունը չպետք է հանդես գա ռազմաճակատում կամ դիվանագիտական ոլորտում ընթացող գործընթացների շուրջ քննադատությամբ կամ խորհուրդներով։

Ըստ ՀԱԿ ներկայացուցչի, խնդիրն այն է, որ միայն երկրի ղեկավարն է տիրապետում այն ամբողջական ինֆորմացիային, որը կանխորոշում է, թե ինչպիսին պետք է լինեն պետության որոշումներն այսօր ստեղծված իրավիճակում։ Այդ պատճառով ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաև ձեռնպահ մնաց որևէ գնահատական տալ բանակցությունները վերսկսելու շուրջ Սերժ Սարգսյանի առաջադրած երեք նախապայմաններին:

Հիշեցնենք, անցած շաբաթ իշխող Հանրապետականի նիստում, Սերժ Սարգսյանն Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու երեք նախապայմանի մասին էր խոսել:

«Պարոն նախագահը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ», - փոխանցել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Լևոն Զուրաբյանի խոսքով, իշխանությունները պետք է որոշեն՝ ավելի կարևոր է պահանջել ստաբիլիզա՞ցիա ռազմաճակատում, մինչև բանակցությունների սկիզբը, թե՞ սկսեն բանակցել․ - «Այսինքն ընդհանուր տրամադրությամբ կարելի է հասկանալ, որ երբ որ անընդհատ ռազմական գործողություններ են, դա բարենպաստ հող չի ստեղծում բանակցությունների համար։ Բայց, նորից եմ ասում, իշխանությունները, որոնք հիմա պատասխանատվություն են կրում այդ ճգնաժամի տիրապետման համար, իրենք պետք է որոշեն, արդյո՞ք ավելի կարևոր է պահանջել ստաբիլիզացիա ռազմաճակատում, մինչև բանակցությունների սկիզբը, թե՞ սկսեն բանակցել, այն նպատակով, որ լինի այդ ստաբիլիզացիան և հետո նաև հետագա քայլերը։ Սա նորից իշխանությունների որոշելու խնդիրն է»։

Հիշեցնենք, Տեր-Պետրոսյանը խնդրի լուծման փուլային տարբերակի կողմնակից էր, ինչն էլ 1998 թվականին նրա հրաժարականի պատճառը դարձավ:

Սերժ Սարգսյանն էլ վերջերս ամերիկյան Bloomberg-ին տված հարցազրույցում ասել էր, թե 2011 թվականին Կազանում համաձայնել էր հինգ շրջաններ հանձնել Ադրբեջանին, ինչի դիմաց Ղարաբաղը ստանալու էր ժամանակավոր կարգավիճակ: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ, ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն այդ փաստաթուղթը ստորագրելուց մինչև ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը, ինչքան էլ տևեր՝ 5 տարի, 50 տարի, 500 տարի։ Այս փաստաթուղթը նաև նախատեսում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար հինգ տարածքներից, իսկ այդ ազատված տարածքներ պիտի վերադառնար ադրբեջանական բնակչությունը», - ասել էր նախագահը։

Հարցին, թե արդյոք կարող ենք ասել, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները համընկնում են ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, Զուրաբյանը պատասխանեց՝ մինչև չտեսնեն խնդրի կարգավորման պատրաստի փաստաթուղթը՝ համեմատություններ 1998 թվականի փուլային տարբերակի հետ անցկացնել չեն կարող։ «Մեկ ստորակետի փոփոխությամբ, մեկ բառի փոփոխությամբ առաջարկված այդ կարգավորման պլաններում կարող է փոխվի ամբողջ էությունը, մեկ բառ կարող է վճռական լինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ չճանաչման առումով», - ասաց Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG