Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Ադրբեջանը առաջնագծում զորքեր է կուտակում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը շփման գծում, ապրիլ, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը շփման գծում, ապրիլ, 2016թ․

Ստեփանակերտը վստահեցնում է, որ «իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ»:

Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի տարբեր ուղղություններում զորքեր են կուտակում, հայտնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ տարբեր հատվածներում Ադբրեջանը նաև զորքերի ակտիվ տեղաշարժ է իրականացնում։ Ղարաբաղի զինված ուժերը հետևում են ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների, ասված է հաղորդագրությունում։

Այս պահի դրությամբ, ըստ Պաշտպանության բանակի, հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան։ Պաշտոնական Ստեփանակերտը վստահեցնում է, որ իրադրությունը զինված ուժերի կողմից ամբողջությամբ վերահսկվում է։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով՝ իրենք դեռ հետևում են ադրբեջանական զինված ուժերի գործողություններին: Նա կոչ արեց խուճապի չմատնվել, քանի որ սա կարող է հոգեբանական ազդեցության փորձ լինել:

«Դեստրուկտիվ, ապակառուցողական քաղաքականության մի դրսևորում է, և միջազգային հանրությունը համապատասխան քայլերը պետք է, նաև իր դիրքորոշումը ավելի շուտ ցույց տալու համար, պետք է իրականացնի այդ քայլերը՝ լինի դա տարբեր տիպի հայտարարություններ, թե կոնկրետ գործողություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը՝ շարունակելով․ - «Մենք պատրաստ ենք և զսպել ագրեսորին և պահպանել տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը»:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ այս պայմաններում նախ պետք է խաղաղությունը պահպանվի, ինչից հետո էլ կարելի է բանակցությունների մասին խոսել: Նա վստահեցրեց, որ գործողությունների դեպքում հայկական Զինված ուժերը կկասեցնեն դրանք:

«Ավելի զգույշ և զգոն ենք լինելու, տեսնենք՝ ինչպես է զարգանալու իրավիճակը, բայց ընդհանուր առմամբ, իհարկե, և՛ Ադրբեջանը ինքը ի վիճակի չէ լայնածավալ պատերազմ սկսել, և՛ միջազգային հանրությունը մի քանի անգամ ընդգծել է, որ նման զարգացումը անընդունելի է», - հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Ժամեր առաջ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլի 29-ին հրազենային վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող Սարգիս Գասպարյանը։

ԼՂ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այս գիշեր ղարաբաղյան սահմանագծում կրակոցներ կրկին եղել են, բայց նախորդ օրերի համեմատ իրավիճակն ավելի հանգիստ է եղել, Ադրբեջանը օգտագործել է միայն հրաձգային զինատեսակներ։

Կրակոցներ հնչել են նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի մարզի հատվածում։ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ խախտումներն աննշան են եղել։

Պաշտոնական այցով Ֆինլանդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ այսօր հայտարարել է, որ բանակցային մթնոլորտը վերականգնելու համար հսկայական ջանքեր են պետք։

«Հայաստանը հանձնառու է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, իսկ այլընտրանք չունեցող բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով հարկավոր է կյանքի կոչել համանախագահների առաջարկը` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ, և երաշխավորել 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ամբողջապես աջակցում են այս առաջարկներին»:- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Նալբանդյանը անդրադարձել է նաև ղարաբաղյան սահմանագծին Ադրբեջանի զինված ուժերի կուտակումներին և նշել, որ հակառակորդը է՛լ ավելի է ուժգնացնում իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնում սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում՝ «փորձելով հայկական կողմերին մեղադրել այն ամենում, ինչը հենց ինքն է անում, և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար»:

Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով, հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

XS
SM
MD
LG