Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Ռուսաստանի հետ պատերազմ չեն ուզում


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ անհրաժեշտ է, որ բաց լինեն շփման միջանցքները՝ ՆԱՏՕ-Ռուսաստան լարվածությունը նվազեցնելու համար։

ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Ռուսաստանի հետ պատերազմ չեն ուզում, սակայն Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու համար, նրա խոսքով, ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է լինեն վճռական, խելացի և ուժեղ։

«Մենք Ռուսաստանի հետ հակամարտություն չենք փնտրում, չենք ցանկանում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի և սառը պատերազմի մեջ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում։

ՆԱՏՕ-ն նաև մտադիր է ուժեղացնել իր ռազմական բազաները Արևելյան Եվրոպայում, այդ թվում` Սև ծովում։ Ստոլտենբերգը հայտարարել է, որ այս մասին վերջնական որոշում պետք է կայացվի հուլիսին՝ Վարշավայում կայանալիք գագաթնաժողովին։

«Այսօր մենք չունենք մտավախություն, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա», - նաև հայտարարել է Ստոլտենբերգը՝ չբացառելով, որ մինչև հուլիսին կայանալիք գագաթնաժողովը տեղի ունենա ՆԱՏՕ-Ռուսաստան նոր հանդիպում։ Վերջին երկու տարվա ընթացքում նման հանդիպում կայացել է ապրիլի 20-ին Բրյուսելում՝ դեսպանների մակարդակով։

«Անհրաժեշտ է, որ բաց լինեն շփման միջանցքները, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել լարվածությունը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև», - գերմանական պարբերականին ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ միջուկային ռազմավարությունը ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել, և քանի դեռ աշխարհում գոյություն ունի միջուկային զենք, ՆԱՏՕ-ն շարունակելու է մնալ միջուկային դաշինք։

Իսկ ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլովը, իր հերթին, Վաշինգտոնին կոչ է արել ուժեղացնել հետախուզությունը՝ հաշվի առնելով Մոսկվայի աճող ռազմական հզորությունը։

Բրիդլովը հիշեցրել է, որ «սառը պատերազմի» տարիներին ռուսական ուղղությամբ աշխատում էին ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների շուրջ 13 հազար վերլուծաբաններ, իսկ 2013 թվականի տվյալներով՝ միայն 1000։

XS
SM
MD
LG