Մատչելիության հղումներ

«Հյուսիս-հարավ»-ի հանրային քննարկման մասնակիցները խոստանում են վերահսկել շինարարության ընթացքը


«Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արարատ հատվածը, արխիվ
«Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արարատ հատվածը, արխիվ

Ծրագրով նախատեսվում է 1 հատված ծառի փոխարեն 10-ը տնկել: Բնապահպանները, սակայն, հակադարձում են, որ այդպիսով միջավայրին պատճառվելիք վնասը չի կարող փոխհատուցված համարվել:

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության ծրագիրը հայտնվել է բնապահպանների քննադատության թիրախում: Մոտ մեկ ամիս առաջ, բնապահպանական ակտիվիստների բողոքներից հետո, հետաձգվել էր ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հարցերով հանրային քննարկումը:

Այս շաբաթ Գյումրիում տեղի ունեցավ նոր հանրային քննարկում, արդեն նոր նախագծով և ծրագրի պատասխանատուների ավելի ընդգրկուն կազմով: «Հյուսիս-հարավ»-ի երրորդ տրանշը ներառում է մոտ 46 կմ երկարություն ունեցող Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը: Ծրագրի արտաքին ազդեցության և վերաբնակեցման համակարգող Գևորգ Աֆյանը բնապահպաններին անընդմեջ հիշեցնում էր, որ «նրանց պատճառով» ծրագիրը մեկ ամիս ուշ կմեկնարկի:

Մինչդեռ, բնապահպաններն այս անգամ էլ մի շարք հարցերի շուրջ եռանդուն բանավեճ ծավալեցին: Մասնավորապես, ճանապարհի երկայնքով նախատեսված է կենդանիների համար անցումներ կառուցել․ բնապահպանները հիշեցրին, որ Արարատի մարզում անասունների համար կառուցված անցումները հարուցել էին գյուղացիների դժգոհությունը, և հիմա լրացուցիչ գումար է ծախսվելու այդ խնդրի լուծման համար:

Ծրագրով նաև բնությանը հասցվելիք վնասի փոխհատուցում է նախատեսվում: Օրինակ, մեկ հատված ծառի փոխարեն 10-ն են տնկելու: Սակայն, բնապահպանների համար ոչ այնքան 1-ը 10-ով փոխհատուցելու հարցն է էական, որքան հետևողական լինելը, որ նոր տնկիները չչորանան: «Մենք Թեղուտի օրինակով տեսանք ․․․ հետո, դուք հատելու եք պատրաստի, հասուն ծառեր, դրանց տեղը տնկելու եք շիվեր, որոնք Շիրակի տարածաշրջանում կամ Թալինում 30 տարի հետո ծառ կդառնան»,- ասաց բնապահպաններից մեկը:

Ամենակարևոր հարցը, ըստ քննարկան մասնակիցների, շինարարության ընթացքում իրականացվելիք մոնիթորինգն է: Բնապահպանները խոստացան, որ ամենօրյա խիստ վերահսկողության տակ կպահեն շինարարության ընթացքը: Ներկաներից մեկն անգամ հնարավոր համարեց ընթացող աշխատանքները ամեն օր հենց տեղից ուղիղ կապով համացանցում ներկայացնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG