Մատչելիության հղումներ

Աշխատանքային իրավունքի խախտման գործերով հայցերն ավելացել են


Հայաստանյան ձեռնարկություններից մեկի աշխատակիցների բողոքի ցույցը՝ իրենց մի քանի ամսվա աշխատավարձը վճարելու պահանջով, արխիվ

Հայաստանյան ձեռնարկություններից մեկի աշխատակիցների բողոքի ցույցը՝ իրենց մի քանի ամսվա աշխատավարձը վճարելու պահանջով, արխիվ

Փորձագետների դիտարկմամբ, աշխատանքային իրավունքների խախտման խնդիրն օրենսդրության հետ կապված չէ, օրենսգիրքը բավականաչափ մշակված է: Խնդիրը հանրության ցածր իրավագիտակցությունն է:

Հայաստանում տարեցտարի ավելանում է աշխատանքային իրավունքի խախտումների համար դատարան դիմողների թիվը։ Անցած տարի 585 քաղաքացի է դիմել դատարան՝ հիմնականում իրենց նախկին աշխատատեղերում վերականգնվելու կամ աշխատավարձի պարտքը ստանալու պահանջով։

Առավելապես աշխատանքային իրավունքի հետ կապված գործերով մասնագիտացած փաստաբան Ինեսսա Վարդանյանը, իր աշխատանքային փորձից ելնելով, հավաստիացնում է, որ դատարան դիմողների գերակշիռ մասը գործատուների հետ դատական վեճերից հետո այլևս չեն վերադառնում նախկին աշխատանքին: «585 հոգին դրանք այն անձինք են, որոնք արդեն հասկացել են, որ տվյալ գործատուի հետ չեն աշխատելու, կորցնելու բան այլևս չունեն, հասկացել են, որ միևնույն է՝ անիմաստ է արդեն ինչ-որ հարաբերություններ ունենալը․․․ նոր էդ դեպքում դիմում են դատարան: Ավելին՝ եթե վերականգնվում են իրենց աշխատանքում և վճարվում է իրենց հարկադիր պարապուրդի գումարը, նրանք, միևնույն է՝ աշխատանքի չեն գնում, ինքնակամ ազատվում են»,- ասում է Վարդանյանը:

Նրա խոսքով, աշխատելու ընթացքում խախտված իրավունքների մասին բարձրաձայնելու դեպքեր հիմնականում չեն լինում, իսկ նրանք, ովքեր չեն լռում, հետագայում դժվար են այլ աշխատանք գտնում՝ որակվելով իբրև «կոնֆլիկտային մարդիկ»։ «Բոլորիս համար էլ այսօր ակնառու է, որ գործատուն արդեն իսկ լարված է լինում այն աշխատողի հետ, ով, օրինակ, թակել է գործատուի դուռն ու ասել, թե 2 ժամ ավել է աշխատել, ու խնդրում է վճարել այդ ժամերի դիմաց: Գործատուն միանգամից քայլեր է ձեռնարկում նման աշխատողից ազատվելու համար»,- շարունակում է փաստաբանը:

Նա ընդգծում է աշխատանքային իրավունքի խախտման ամենատարածված ձևերից մեկը՝ «Աշխատողն առհասարակ չունի աշխատանքային պայմանագիր և շատ անգամ չի էլ իմացել դրա անհրաժեշտության մասին: Նման աշխատողի հետ փաստացիորեն կարելի է 2 րոպեում դադարեցնել աշխատանքային հարաբերությունները»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդեց, թե պետությունն աշխատանքային իրավունքի պաշտպանությունը լիարժեք դարձնելու համար միջոցներ ձեռնարկում է. անցած տարի ԱԺ-ն Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարեց։ Հոկտեմբերից ուժի մեջ մտած փոփոխություններով շատ բան համապատասխանեցվեց միջազգային ստանդարտներին, աշխատողի համար շահեկան դրույթներ մտցվեցին՝ սկսած փորձաշրջանի կարգավորումից, մինչև հանգստի իրավունքը։ Անգամ աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններով սահմանվեց, որ գործատուն իր մոտ վարպետական ուսուցում անցնող անձանց պարտավոր է կրթաթոշակ վճարել, ասաց նախարարության պաշտոնյան։

Մինչդեռ, աշխատանքային իրավունքի բազմաթիվ խախտումների օրինակների քաջածանոթ փաստաբան Ինեսսա Վարդանյանը հակադարձում է՝ Հայաստանում գործատու-աշխատող հարաբերությունները հիմնականում օրենսգրքով չեն կարգավորվում։ «Չէի ասի, որ դա թերի օրենսգիրք է, պաշտպանված են երկուսի իրավունքներն էլ: Ավելին՝ իմ սուբյեկտիվ կարծիքով, օրենսգրքում աշխատողների իրավունքներն ավելի պաշտպանված են, բայց խնդիրն այլ է: Առաջին հերթին՝ իրավագիտակցության ցածր մակարդակը․․․»: Պետպաշտոնյայի կարծիքով էլ՝ քանի դեռ գործազրկության մակարդակը Հայաստանում չի նվազել, աշխատանքի իրավունքը լիարժեքորեն պաշտպանված չի կարող լինել։

Ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների օրերին բազմաթիվ կամավորականներ մեկնեցին դիրքեր։ Վարդանյանի պնդմամբ՝ 9 դեպք է արձանագրվել, երբ աշխատանք ունեցող կամավորականներն անհարգելի բացակայության պատճառով ազատվել են աշխատանքից։ Փաստաբանն այժմ պայքարում է նրանցից 2-ի իրավունքների վերականգնման համար։ «Տղաներից մեկը մեկնել էր Արցախ, զանգ էր կատարել հաշվապահին և բանավոր կերպով տեղյակ էր պահել: Ես ընդունում եմ, որ հետո չես կարող ապացուցել, որ բանավոր կերպով ասել ես: Պետք է անպայման գնահատման առարկա դարձնել հարցը, թե ինչո՞ւ չի ներկայացել աշխատանքի, էդ հարցը՝ բացատրություն պահանջելու պարտականությունը, գործատուն չէր իրականացրել»,- ասում է Ինեսսա Վարդանյանը:

Փաստաբանն այժմ բանակցում է գործատուների հետ։ Համոզված է, որ աշխատանքից հեռացված կամավորականները կվերականգնվեն իրենց աշխատատեղերում։

XS
SM
MD
LG