Մատչելիության հղումներ

Վանաձորի գործազուրկների թվում գերակշռում են կանայք


Տեսարան Վանաձորից, արխիվ

Տեսարան Վանաձորից, արխիվ

Լոռու մարզկենտրոնում գործազրկության մակարդակը վերջին տարիներին գրեթե չի փոխվել: 2014-ից այստեղ գործազրկությունը մեղմելուն միտված ծրագրեր են իրականացվում, որոնք տեղական պաշտոնյաներն «արդյունավետ» են գնահատում:

«Ազատության» հետ զրույցում վանաձորցի գործազուրկ կանայք գանգատվում էին, որ աշխատանք գտնելը շատ դժվար է: 48-ամյա Գայանեն աշխատանքի հույսով Ալավերդիից հասել է մարզկենտրոն: Երեք երեխաների մայրն ասում է՝ ընտանիքում միայն ամուսինն է աշխատում, այն էլ՝ ցածր աշխատավարձով: Պատրաստ է անգամ Ալավերդիից ամեն օր հասնել Վանաձոր ու 50 հազար դրամ աշխատավարձով աշխատել, «այլապես՝ վարկերն ու տոկոսները չեմ կարող վճարել»,- անկեղծանում է կինն ու շարունակում՝ «կյանքն ստիպում ա, որ ամեն ինչ էլ անենք»:

Իր խոսքով՝ մի քանի բուհ ավարտած 48-ամյա Ժաննա Ժամհարյանը շուրջ 20 տարի է՝ Հայաստանում չի կարողանում աշխատանք գտնել: Որոշ ժամանակ աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում: Հիշում է երիտասարդ տարիներն ու ասում՝ այսօր բոլորը միայն չոր հացի խնդիր են լուծում: «Ես էն սերունդն եմ, որ հիշում եմ՝ բանվորներն էն մակարդակի էին արդեն հասել, որ շատ լավ վաճառվում էր, ասենք, կինոթատրոնների տոմսերը հիմնարկներում: Բանվորը չէր ապրում հացի խնդրով, բանվորը ծաղիկ էր գնում, բանվորը գնում էր հանգստանալու, բանվորը թատրոն էր գնում և այլն»,- վերհիշում է Ժաննա Ժամհարյանը:

Վանաձորի տարածքային զբաղվածության կենտրոնի ղեկավար Արա Առաքելյանն ասում է, թե ուշադրություն են դարձնում հատկապես երիտասարդների խնդիրներին: Օրինակ, սպասարկման ոլորտում բացառապես երիտասարդների են ներգրավում: Երիտասարդներից շատերը, մինչդեռ, փորձում են իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել:

19-ամյա Լիանան ապագա տնտեսագետ է: Ընկերուհիների հետ միասին աշխատանք է փնտրում թե՛ աշխատանքային փորձ ձեռք բերելու, թե՛ ընտանիքի հոգսը մի փոքր թեթևացնելու համար: «Եթե փող ա պետք, կարաս սովորական խանութներում էլ աշխատանք գտնես, բայց եթե ուզում ես մասնագիտությամբ առաջ գնաս, մի քիչ դժվար ա»,- ասում է ուսանողուհին:

Մինչ վանաձորցի գործազուրկները գանգատվում են աշխատատեղի բացակայությունից, գործատուներն էլ իրենց հերթին են դժգոհում: Վանաձորի կարի արտադրամասերից մեկի ներկայացուցիչը «Ազատությանն» ասաց, թե արտադրամասը 50 կարող բանվորուհու կարիք ունի, բայց աշխատանքի համար դիմողները շատ քիչ են: «Աշխատավարձը շատ բարձր ա, միջինը հարյուր հազար դրամ ստանում են մեր բանվորները: Երևի երիտասարդությունը ծուլացել է»,- ասում է գործատուն:

Պաշտոնական տվյալներով, Վանաձորում գործազուրկ է 5836 մարդ, մեծամասնությունը կանայք են: Տարածքային զբաղվածության կենտրոնի ղեկավարի խոսքով՝ գործազրկության մակարդակը Վանաձորում վերջին շրջանում գրեթե չի փոխվել: 2014-ից գործազրկությունը մեղմելու ծրագրեր են իրականացվում, որոնք պաշտոնյան բավական արդյունավետ է գնահատում ու հավելում՝ «Եթե նախորդ տարիներին մենք գործազուրկներին տրամադրում էինք գործազրկության նպաստներ, հիմա այդ բոլոր գումարներն ուղղորդվել է զբաղվածության պետական ծրագրերի իրականացմանը: Ապրիլի 1-ի դրությամբ, ունենք ծրագրերի արդյունքում աշխատանքի տեղավորված մոտավորապես 45 անձ»:

XS
SM
MD
LG