Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հրադադարի խախտումները շարունակվում են, Թալիշի ուղղությամբ ՊԲ երկու զինծառայող է զոհվել


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, ապրիլ, 2016թ.

ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, ապրիլ, 2016թ.

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել Պաշտպանության բանակի զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում։

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետևանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG