Մատչելիության հղումներ

logo-print

Ուսումնասիրվում են Թուրքիայից Հայաստան ներմուծման արգելքի հնարավոր սցենարները


Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, արխիվ:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, արխիվ:

Ուսումնասիրությունը Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հարցը խիստ արդիական է համարում․ - «Էկոնոմիկային նախարարությունը իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ առաջին հերթին այն ապրանքների մասով, որոնք Հայաստանի ազգային տնտեսությանը սպառնում են կա՛մ որակի, կա՛մ մրցակցության տեսակետից»:

Խորհրդարանական խմբակցությունների մեծ մասը հակված է պաշտպանել նախաձեռնությունը:

Դաշնակցությունից հիշեցրեցին, որ արդեն տարիներ շարունակ խոսում են այդ անհրաժեշտության մասին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ հարցը ոչ թե տնտեսական, այլ ազգային պետական շահերի համատեքստում է դիտարկում․ - «Ինչի՞ պետք ա էդ մեր գումարները թողենք թուրքական ձեռնարկություններին, նրանք դրանից հարկեր մուծեն, զենք արտադրեն, տան Ադրբեջանին, հետո էդ զենքը ուղղեն մեր դեմ․․․ Մենք ստանդարտ, դասական շուկայական վիճակում չենք, մենք պատերազմական գործողությունների իրավիճակում ենք: Մեր թշնամին ա Թուրքիան, մեր թշնամին ա Ադրբեջանը, որոնք բարեկամ երկրներ են»:

ՀԱԿ խմբակցությունում նման քննարկում չեն ունեցել, բայց, Լևոն Զուրաբյանի կարծիքով, հարցը պետք է դիտարկել ոչ-զգացունքային դաշտում․ - «Պատժամիջոցը իմաստ ունի, եթե դա իսկապես ճնշման լուրջ միջոց է: Օրինակ, Ռուսաստանի կողմից լուրջ տնտեսական պատժամիջոցներ մտցվեցին Թուրքիայի դեմ․ հասցված վնասի մոտավոր գնահատականները կազմում էին մոտ հինգ միլիարդ դոլար: Սա, իհարկե, լուրջ հարված էր Թուրքիայի տնտեսությանը, սա լուրջ ճնշում էր: Հիմա պետք է հաշվել, թե արդյոք Հայաստանի կողմից նման պատժամիջոցները որևէ ազդեցություն կունենան Թուրքիայի վրա»:

Խորհրդարանում հարցի բարձրացումից հետո նման հաշվարկներ արդեն կատարել է տնտեսագետ Բաբկեն Թունյանը։ Թուրքիայից 2015-ին Հայաստան է ներմուծվել ավելի քան 138 միլիոն դոլարի ապրանք, որը կազմում է անցյալ տարի Հայաստանի ներմուծման մոտ 4 տոկոսը, ընդ որում Թուրքիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 3 անգամ ավելի շատ է, քան ԵՏՄ գործընկերներ Ղազախստանի և Բելառուսի հետ միասին։

«Թուրքիայից ներմուծում ենք մոտավորապես 570 անուն ապրանք: Այսինքն այնպես չէ, որ մեկ, երկու, երեք տեսակ ապրանք ա գալիս, շատ դիվերսիֆիկացված է: Չենք կարող մի հատ ապրանք առանձնացնել ու ասել՝ էս հիմնականից հրաժարվում ենք: Շատ են ապրանքների տեսակները: Ամենամեծերը ցիտրուսային մրգերն են՝ վեց միլիոն դոլարի չափով է ներմուծվել, և լվացող ու մաքրող միջոցները», - նշեց նա:

Թուրքիայի ընդհանուր արտահանման հաշվեկշռում, Թունյանի ներկայացմամբ, դեպի Հայաստան ուղղված ապրանքները կազմում են այդ երկրի ընդհանուր արտահանման մոտ 1/1000 մասը․ - «0.1 տոկոս էլ չկա: Այսինքն, Հայաստանին բաժին է ընկնում Թուրքիայի ընդհանուր արտահանման ծավալի մեկ հազարերորդ մասը, ու մտածել, որ մենք այդ մեկ հազարերորդական մասից հրաժարվելով ինչ-որ լուրջ վնաս ենք տալու Թուրքիայի տնտեսությանը, դա միամտություն է»:

Լևոն Զուրաբյանի կարծիքով, ներմուծման արգելք կիրառելուց առաջ երկար մտածել է պետք. - «Եթե պատժամիջոց ես կիրառում, որը պատժամիջոցի հասցեատեր երկիրը չի էլ զգում, որևէ կերպ դա չի ազդում իր տնտեսության վրա, արդյո՞ք դա չի կարող դառնալ պատժամիջոց քո նկատմամբ»:

Բաբկեն Թունյանի կարծիքով, եթե բիզնես հատվածը Իրանում կամ ԵՏՄ տարածքում գտնի թուրքականին փոխարինող ավելի մատչելի ու որակյալ ապրանք, առանց պետական արգելքի էլ կհրաժարվի թուրքական լվացքի փոշուց կամ ցիտրուսային մրգերից․ - «Այսինքն մեր խնդիրը այսօր ոչ թե բոյկոտելն է, այն էլ՝ արգելքի տեսքով, այլ ավելի շատ մտածել, թե ինչ անել, որպեսզի ներմուծումը փոխարինենք տեղական արտադրությամբ»:

Տնտեսագետը վստահ է, որ ուսումնասիրությունը կատարելիս Էկոնոմիկայի նախարարությունը կհաշվարկի նաև Հայաստանի փոքր ու միջին ձեռներեցներին՝ առևտրով զբաղվողներին և Թուրքիայից հումք ներմուծող հայկական արտադրողին հասցվող վնասներն ու դրա ռիսկերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG