Մատչելիության հղումներ

Այսօր դատարանում ավարտվեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակումը:

Գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի մինչ այժմ տված ցուցմունքներում բազմաթիվ հակասություններ կան: Այդ հակասությունների պատճառները, սակայն, դատավարության ընթացքում այդպես էլ չի հաջողվում պարզել:

Այսօրվա նիստն այդ առումով բացառություն չէր․ դատավարության կողմերը փորձում էին ամբաստանյալին ուղղված հարցերի միջոցով որոշակի ճշգրտումներ կատարել, սակայն, Պերմյակովը հարցերին կամ շատ կցկտուր էր պատասխանում, կամ առհասարակ՝ հրաժարվում էր պատասխանել: Երբեմն էլ պարզապես սահմանափակվում էր «այո» կամ «ոչ» պատասխաններով:

Պերմյակովի պաշտպան Էդվարդ Աղաջանյանն ասյօր հետաքրքրվեց՝ արդյո՞ք ամբաստանյալի նկատմամբ ցուցմունքներ տալու շրջանում բռնություն կամ սպառնալիք է գործադրվել: Հետևեց «ոչ» պատասխանը: Հարցին էլ՝ իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, Պերմյակովը կարճ պատասխանեց՝ «այո»: Հարցին՝ «եթե իմանայիր, որ ինչ-որ մեկը 7 անձի է սպանել, ի՞նչ կասեիր այդ մարդու մասին», Պերմյակովը պատասխանեց՝ «Կասեի խելագար է, բայց ես այդպիսին չեմ»: Նա հերքեց պնդումները, թե «Օդնոկլասնիկի» սոցկայքում հրապարկված նամակագրության հեղինակն ինքն է: Պատմեց, թե ինչպես է Հայաստան տեղափոխվել: Թեև 3 ամսով իրեն արգելել են զենք կրել, բայց նա այդ արգելքի մասին չի իմացել ու մշտապես զենք է կրել:

Պերմյակովի խոսքով, Հայաստան տեղափոխվելուց հետո բուժզննության չի ենթարկվել: Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը ևս պնդեց, որ Հայաստանի ռուսական ռազմաբազայում ծառայության մեկնողների պատշաճ վերհսկողություն չի կատարվում: Պերմյակովն այսօր դատարանում նաև ասաց, թե զղջում է կատարվածի համար, եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, ապա նման բան չէր անի ու դատարանում չէր հայտնվի:

Իրավահաջորդների փաստաբաններից Երեմ Սարգսյանի խոսքով, հարցերին պատասխանելիս մի կարևոր հանգամանք բացահայտվեց․ Ավետիսյաններին հենց Պերմյակովն է սպանել:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա գալիք ուրբաթ: Սպասվում է, որ այդ նիստին կհրապարակվեն ռուսական կողմի իրականացրած քննչական փորձարարության արդյունքները:

Ի դեպ, նշենք, որ Պերմյակովին Ավետիսյանների տուն չեն տարել, փոխարենը՝ բազայում կառուցվել է Ավետիսյանների տան մակետը, որտեղ էլ կատարվել է փորձարարությունը: Ուշագրավ է այն, որ փորձարարության տեսագրությունը գործում չկա, մինչդեռ Պերմյակովի հարցաքննությունների բոլոր տեսագրությունները ռուսական կողմը տրամադրել է:

XS
SM
MD
LG