Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի խորհրդարանը կոչ է անում չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ադրբեջանում այս բանաձևը ևս կապում են հայկական լոբբիի հետ:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը հինգշաբթի օրը բանաձև է ընդունել՝ կառավարությանը կոչ անելով չպաշտպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու առաջարկը, պատժամիջոցներ, որ Մոսկվայի դեմ սահմանվել են Ուկրաինայի արևելքում անջատականներին աջակցելու և Ղրիմը բռնակցելու պատճառով:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պահպանողական Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Թիերի Մարիանին ասել է, թե Ռուսաստանի դեմ արդեն երկու տարի կիրառվող Եվրամիության պատժամիջոցները բացարձակապես անարդյունավետ են:

Զեկույցի հեղինակ պատգամավորը նշել է․ - «Մինսկի համաձայնագրերը փակուղում են, հրադադարը երկու կողմից պարբերաբար խախտվում է, խոստացված բարեփոխումները դեռ լույս տեսնելու կարիք ունեն»: Նա ասել է, որ պատժամիջոցները վտանգավոր են Ֆրանսիայի տնտեսության համար, օրինակ է բերել Ռուսաստանին երկու ռազմանավերի վաճառքը չեղարկելու որոշումը, ինչպես նաև ֆրանսիացի գյուղատնտեսների վնասները, որ կրում են Մոսկվայի պատասխան արգելքների պատճառով:

Մոսկվան արգելել է ֆրանսիական գյուղմթերքների ներմուծումը Ռուսաստան՝ ի պատասխան Եվրամիության պատժամիջոցների: Ֆրանսիացի տասնյակ ֆերմերներ հայտնվել են սնանկացման եզրին, վերջին ամիսներին նրանք ամբողջ երկրով մեկ բողոքի ակցիաներ են անցկացրել:

Որոշ օրենսդիրներ ասել են, թե կարևոր է Ռուսաստանի հետ դաշինք կազմել ընդհանուր թշնամու՝ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու և Սիրիայի հակամարտությունը կարգավորելու համար:

Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը ասել է, որ չնայած Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է, այնուամենայնիվ, համագործակցությունը պետք է հիմնված լինի միջազգային օրենքները հարգելու սկզբունքի վրա:

Ռուսաստանին պաշտպանող, բայց պարտադիր ուժ չունեցող բանաձևը Ֆրանսիայի խորհրդարանում ընդունվել է․ կողմ է քվեարկել 55 պատգամավոր, դեմ՝ 44-ը: Այս բանաձևը Ֆրանսիայի արտգործնախարարությունը ի գիտություն է ընդունել:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը Ֆրանսիայի խորհրդարանում Ռուսաստանին պաշտպանող բանաձևի ընդունումը կապում է հայկական լոբբիի աշխատանքի հետ:

Ֆրանսիացի սենատոր Նատալի Գուլեն, ով հայտնի է Ադրբեջանի հետ ջերմ կապերով, էլեկտրոնային փոստով «Թրենդ»-ին ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելու օգտին է խոսել Ֆրանսուա Ռոշբլուանը: «Զարմանալի չէ, որ նա, ով պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի օկուպացիան, հանդես է գալիս Ռուսաստանի պատժամիջոցները հանելու օգտին», - «Թրենդ»-ի փոխանցմամբ՝ ասել է ֆրանսիացի սենատորը:

Ֆրանսուա Ռոշբլուանը, հիշեցնենք, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահն է։

XS
SM
MD
LG