Մատչելիության հղումներ

«Լևադա». Պուտինի քննադատների թիվը Ռուսաստանում աճում է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Այդուհանդերձ, ըստ հարցումների, Ռուսաստանի նախագահը մնում է ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը երկրում:

Ըստ «Լևադա» կենտրոնի վերջին հարցումների, թեև Վլադիմիր Պուտինը մնում է Ռուսաստանում ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը, սակայն նրան քննադատողների թիվն աճել է։

Ըստ հարցումների, երկրի նախագահի գործունեությանը վստահում է հարցվածների 82 տոկոսը, թեև հարցված ռուսաստանցիների կեսից ավելին համարել է, որ Պուտինը մեղավոր է երկրում ծաղկող կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար։

Հարցին՝ չարաշահե՞լ է արդյոք Պուտինը իշխանությունը, հարցվածների 51 տոկոսը դրական են պատասխանել, 14 տոկոսի կարծիքով՝ միանշանակ չարաշահել է, 37 տոկոսն ասել են, որ հավանաբար չարաշահել է, և միայն 16 տոկոսն են ասել, որ չեն հավատում, թե Պուտինը երբևիցե չարաշահած լինի իշխանությունը։ Անցած տարի այս հարցին դրական էր պատասխանել հարցվածների 22 տոկոսը, այսինքն՝ 4 տոկոսով ավելին։

Անցած տարի դիտարկմանը, որ եթե նույնիսկ կոռուպցիայի մասին տեղեկությունները ճիշտ են, սակայն ավելի կարևոր է, որ Պուտինի օրոք երկիրը սկսել է լավ ապրել, արձագանքել էր հարցվածների 31 տոկոսը, այս տարի՝ ընդամենը 18 տոկոսը։

Հարցումները կենտրոնն անցկացրել է ապրիլի 22-25-ը, դրանց մասնակցել է 1600 ռուսաստանցի։

Պուտինից բացի, Ռուսաստանում, ըստ հարցումների, ժողովրդականություն են վայելում նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, երրորդ հորիզոնականում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, չորրորդում՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Լևադա»-ն հիշատակում է նաև Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու, կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովի և «Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի անունները։

Եթե նույնիսկ ռուսաստանցիները սկսել են ավելի բացասական գնահատականներ տալ Պուտինի գործունեությանը, օրինակ՝ պանամական օֆշորային սկանդալից հետո, այդուամենայնիվ, այսօր նրան այլընտրանք ռուսաստանցիները չեն տեսնում։ Ռուսաստանցի փորձագետները սա համարում են դաշնային հեռուստատեսության պրոպագանդայի արդյունք։

XS
SM
MD
LG