Մատչելիության հղումներ

Վերլուծաբաններն արձագանքում են «Ազատության» հետ զրույցում Սեյրան Օհանյանի արած հայտարարություններին:

Հայաստան ուղարկվելիք ռուսական սպառազինության «ոդիսականը» դեռ երկար կշարունակվի, կարծում են հայաստանյան որոշ քաղաքագետներ՝ համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանը փորձում է հնարավորինս ձգձգել իր խոստման իրագործումը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, եթե Ռուսաստանն իսկապես Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լիներ, զենքն արդեն իսկ առաքած կլիներ Հայաստան:

Արձագանքելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ նախօրեին «Ազատության» հետ զրույցում արած այն հայտարարությանը, թե ներկայումս քայլեր են ձեռնարկում՝ ռուսական սպառազինությունը Հայաստան հասցնելու ուղղությամբ, Սաֆարյանն ասաց՝ «Սեյրան Օհանյանը կարծես թե բարձրաձայնում է, որ խնդիրը լուծում չի ստացել: Տակավին պատրաստվել է ընդամենը համաձայնագիրը և ոչ ավելին: Դա նույնիսկ ստորագրված և վավերացված չէ, հետևաբար՝ թե որքան կշարունակվի ռուսական սպառազինությունը Հայաստան բերելու ոդիսականը, դժվար է այս պահին ասել։ Մի բան ակնհայտ է՝ Ռուսաստանը ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ չի շտապում դա անել»։

Դեռ անցյալ ամռանը հայտարարվեց, որ ռուսական 200 միլիոն դոլարի վարկով Հայաստանը Ռուսաստանից նորագույն սպառազինություն է ձեռք բերելու։ 2 ամիս առաջ էլ ռուսական մամուլը հրապարակեց մատակարարվելիք զենքերի ցանկը։ Ղարաբաղում ապրիլին տեղի ունեցած բախումների ընթացքում պարզ դարձավ, որ ռուսական զենքը դեռ տեղ չի հասել։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ազատության» հետ հարցազրույցում առաքման որևէ ժամկետ չնշեց՝ ասելով միայն, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածությունները ձեռք են բերված, և այժմ աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ:

Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ նորագույն այդ զենքը կուղղվի Ադրբեջանի դեմ, իսկ Ռուսաստանը, նրա խոսքով, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իր չեզոք դիրքորոշմամբ ցույց տվեց, որ մտահոգ է Ադրբեջանի համար։ «Այո, Ռուսաստանը միգուցե գոհ չէր, որ իր լոյալության ընթացքում չկարողացավ լուծել Ադրբեջանի հետ կապված հարցը, այսինքն՝ Ադրբեջանը չի կարող երախտապարտ լինել, որովհետև, ըստ էության, լուրջ արդյունքի չհասավ ու հետևաբար՝ նորագույն սպառազինությունների մատակարարումը, կարծեք թե, հարց է դառնում Ռուսաստանի համար: Մյուս կողմից՝ եթե Ռուսաստանը լիներ Հայաստանի անվտանգության խնդիրներով մտահոգված երկիր, ապա որևէ բան չէր խոչընդոտի, որ մինչ այժմ սպառազինությունները տեղ հասած լինեին»,- ասաց Սաֆարյանը:

Ըստ նրա, Ռուսաստանն այժմ կանգնած է երկընտրանքի առջև՝ «Ռուսաստանի համար վերին աստիճանի վտանգավոր իրավիճակ է առաջացել, և դա չանելու [չառաքելու] դեպքում ինքը կկորցնի նաև ռազմական բալանսը վերահսկելու հզորագույն լծակը, որովհետև հակամարտության կողմն արդեն ստիպված է լինելու զենք ձեռք բերել այլ տեղից»,- նկատում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարը։

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ եթե օր առաջ Ռուսաստանը չկատարի Հայաստանի հետ ունեցած պայմանավորվածությունը, ապա Հայաստանին այլ ելք, քան ռազմավարական դաշնակցի հետ գործընկերության պայմանագրերի վերանայումը, չի մնա։ «Սրան պետք է իսկապես լուրջ վերաբերվել։ Մի սիմվոլիկ կադր կար, որ ժամանակին հայ զինվորների կողմից շահած Տ90 տանկն այսօր ուղարկել են Հայաստան: Պետք չի զարմանալ, եթե ինչ-որ պահի մենք իմանաք, որ դա վերջին ռուսական զենքն է, որ ուղարկվել է Հայաստան»,- ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով, ռուս-թուրքական լարված հարաբերություններն են պատճառ դարձել, որ Հայաստանը Ռուսաստանի համար գլխացավանք դառնա, և չի բացառվում, որ ռուսական զենքն այդպես էլ տեղ չհասնի։ «Եթե Ռուսաստանը հիմա չտրամադրի այդ զենքը, նա, փաստորեն, Հայաստանի առաջ կանաչ լույս կվառի, որ Հայաստանը զինվի նաև արևմտյան զենքերով»,- ասաց Մանվել Սարգսյանը։

Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի կարծիքով, մինչդեռ, ռուսական սպառազինությունն, անշուշտ, տեղ կհասնի: Իսկ թե երբ՝ հստակ չի կարող ասել: «Կա պայմանագրային խնդիր, պայմանագիր է ստորագրված, որը վավերացված է: Ցավում եմ, որ ռուսական կողմն այդ պայմանագրի վավերացումը ձգեց, բայց զենքերը կգան»,- համոզմունք հայտնեց պատգամավորը:

XS
SM
MD
LG