Մատչելիության հղումներ

Անցած գիշերը հրետակոծվել են Մարտակերտ քաղաքն ու շրջակա բնակավայրերը


Հակառակորդը հրադադարը խախտել է և՛ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, և՛ հայ-ադրբեջանական սահմանին:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտնում է, որ անցած գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու «Գրադ» կայանքների կիրառմամբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել Պաշտպանության բանակի մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ:

Խաղաղ բնակչության ու զինվորական ուժերի շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ըստ Պաշտպանության բանակի, գիշերը առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով:

Արդեն երրորդ գիշերն է, ինչ արկակոծման է ենթարկվում Մարտակերտ քաղաքը: Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի խոսքով՝ այս գիշեր նախորդների համեմատ ավելի քիչ են կրակել, բայց կրկին բնակելի տներ են վնասվել․ - «Մի չորս արկ ընկել ա քաղաքի մեջ, երկուսն էլ՝ բնակարան։ Մասնակի վնաս է հասցվել՝ ապակիներ, դուռ, պատուհան․․․ Այս անգամ Ներքին Հոռաթաղ գյուղի էլեկտրալարերը կտրեց»:

«Գրադ» կայանքներից անցած գիշերը հրետակոծված Մատաղիս գյուղի դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանը, ով ժամանակավորապես փոխարինում է ապրիլյան բախումների սկզբում վիրավորված գյուղապետին, «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ չնայած ադրբեջանցիների թիրախը հենց գյուղն էր, այդուհանդերձ խոշոր վնասներ չկան․ - «Գրադից են կրակել, երեսունից ավել արկ գյուղի ուղղությամբ: Հիմնականում գյուղի հարակից տարածքի բլուրներին ա կպել, տներից հինգ մետր հեռավորությամբ․․․ էս կարգի: Ապակիներ ա ջարդվել, էլեկտրական լարեր ա կտրել»:

Ղարաբաղյան կողմի փոխանցմամբ՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ և օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների: Առավոտվա դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ էր:

Ղարաբաղը երեկ Ադրբեջանին մեղադրել էր սեփական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու մեջ: Այսօր Պաշտպանության բանակը հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութ, որոնցում, ըստ ՊԲ-ի, նշված են ադրբեջանական բնակավայրերից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռու գտնվող ռազմական օբյեկտներ: Մեջբերելով Ժնևի կոնվենցիան՝ ՊԲ-ն նշում է, որ այդ օբյեկտները հանդիսանում են լեգիտիմ թիրախներ, քանի որ ադրբեջանական կողմը չի խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայել:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ևս հաղորդում է նախորդ գիշեր հրադադարի ռեժիմի խախտման մասին․ ըստ տարածված հաղորդագրության՝ պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ երեկ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` 2015-ի արտադրության Տ-90Ս տանկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG