Մատչելիության հղումներ

Ադրբեջան. Հայկական հրետանին հարվածում է Թարթառի, Աղդամի և Աղջաբեդիի շրջաններին


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումը շփման գծում, ապրիլ, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումը շփման գծում, ապրիլ, 2016թ․

Դատելով ադրբեջանական կողմի հաղորդագրություններից` մարտերի ընթացքում նաև հեռահար հրետանի է օգտագործվում:

Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ` անցած գիշեր հայկական հրետանու հարվածների հիմնական թիրախները Աղդամի շրջանի` Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ գտնվող հատվածում էին: Համենայն դեպս, ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունների, հրետակոծության արդյունքում հիմնականում տուժել են հենց Աղդամի շրջանի բնակիչները: Ադրբեջանական ANS հեռուստաընկերության տվյալներով՝ անցած գիշեր հիմնական հարվածը հասցվել է Աղդամի շրջանի Չեմենլի, Զանգիշալի և Աֆեթլի գյուղերին:

Դատելով ադրբեջանական կողմի հաղորդագրություններից` մարտերի ընթացքում նաև հեռահար հրետանի է օգտագործվում, ինչի անուղղակի ապացույցն այն հանգամանքն է, որ առնվազն 25 բնակելի տուն է ավերվել ռազմաճակատի ընդամենը մի քանի կիլոմետրանոց հատված ունեցող և մարտական գործողությունների գոտուց համեմատաբար հեռու գտնվող Աղջաբեդիի շրջանում: Այստեղ արձանագրված ավերածությունների մասին APA գործակալությանը պատմել է Աղջաբեդիի շրջանային վարչակազմի ղեկավար Շահին Մամեդովը:

Թարթառի (Թերթերի) շրջանին հասցված վնասը, ըստ ադրբեջանական իշխանության, անհամեմատ ավելի զգալի է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հայկական հրետանին անցած գիշեր հարվածներ է հասցրել նաև 20 հազար բնակիչ ունեցող Թարթառ քաղաքին: Շրջանային վարչակազմի ղեկավար Մուստագիմ Մամեդովի պնդմամբ` անցած գիշեր իրականացված հրետակոծությունների արդյունքում 58 բնակելի տուն է վնասվել: «Վնասվել է երկու դպրոց, մեկ խանութ և բամբակի մթերման մեկ կետ: Պայթեցվել է երկու էլեկտրական ենթակայան, ինչի հետևանքով Թերթերի շրջանի 20 գյուղեր հոսանքազրկվել են», - նշել է Մամեդովը` հավելելով․ - «Խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան»:

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հաղորդագրություններից դատելով` անցած գիշեր տուժածների մեծ մասը Աղդամի շրջանից էին: Զինծառայողների մասին տեղեկատվությունը շարունակում է գաղտնի մնալ: Ինչ վերաբերում է խաղաղ բնակիչներին, ապա, ըստ ANS հեռուստաընկերության, անցած գիշեր ստացած վերքերից Աղդամի շրջանային հիվանդանոցում մահացել է Չեմենլի գյուղի բնակիչ Ֆամիլ Մուստաֆաևը: Կեսօրին մոտ տարածված տեղեկություններից համաձայն՝ զոհերի թիվը հասավ երկուսի․ APA-ի տվյալներով՝ շրջանային հիվանդանոցում ստացած վնասվածքներից մահացել է նաև 67-ամյա Ալի Հուսեյնովը:

Գործակալության կայքում նաև կարճ տեսագրություն է տեղադրված, որում հստակորեն երևում է, թե ինչպես են համագյուղացիները վիրավորներից մեկին շտապօգնության մեքենայով տեղափոխում հիվանդանոց:

APA-ն այդ տեսանյութում նաև անուն առ անուն թվարկում է բոլոր վիրավորներին, որոնց թիվը, ըստ գործակալության, հասնում է յոթի: Նրանցից ամենաավագը 73, իսկ ամենակրտսերը` 30 տարեկան է:

Ուշագրավ է, ի դեպ, որ բոլոր վիրավորները տարբեր տարիքի տղամարդիկ են: Սեռային նման անհամաչափության պատճառները ադրբեջանական աղբյուրները չեն բացահայտում: Չի բացառվում, սակայն, որ շփման գծին հարող ադրբեջանական գյուղերի տարհանման մասին սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը, գոնե կանանց և երեխաների մասով, որոշակիորեն համապատասխանում են իրականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG