Մատչելիության հղումներ

logo-print

Քիմ Քարդաշյան․ «Փողն այս պահին աղբի մասին է խոսում»


Հայաստան - Քիմ Քարդաշյանը և նրա քույրը՝ Քլոեն Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, 10-ը ապրիլի, 2016թ․

Հայաստան - Քիմ Քարդաշյանը և նրա քույրը՝ Քլոեն Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, 10-ը ապրիլի, 2016թ․

«Փողը խոսում է և այս պահին այն աղբի մասին է խոսում», - այս խոսքերով է իր քննադատական հոդվածը սկսում աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ The Wall Street Journal-ի հակահայկական արշավին անդրադառնալով:

Հիշեցենք՝ ավելի վաղ ամերիկյան հեղինակավոր պարբերականը հրապարակել էր Fact Check Armenia խմբի հակահայկական գովազդը, որի հեղինակները ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը՝ ակնարկելով նաև, թե իբր տեղի ունեցածի մեջ մեղավոր են նաև հայերը:

Իր կայքում հրապարակած հոդվածում բերելով սեփական օրինակը՝ ամերիկահայ հեռուստաաստղը գրում է, որ ինքն ու իր ընտանիքը սովորել են իրենց մասին տարածվող սուտ ու անհեթեթ լուրերին, ապա շարունակում է․ - «Բայց երբ լսեցի The Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդի մասին, չէի կարող հանդուրժել»:

Քարդաշյանը պարզել է, որ թերթում հայտնված գովազդի համար վճարել է թուրքական խումբը, որի տվյալները նախընտրում է չհայտնել՝ «նրանց դիտումների քանակը չավելացնելու նպատակով»: Ամերիկյան պարբերականի այդ քայլը գնահատելով «վտանգավոր, հիասթափեցնող, անհեթեթ», Քիմը գրում է. - «Եթե դա աներ ինչ-որ էժանագին թաբլոիդ, հասկանալի կլիներ, բայց երբ անում է նման վստահելի պարբերականը, ինչպիսին The Wall Street Journal-ն է, գումար է վաստակում Հայոց ցեղասպանության հաշվին, ամոթալի և անթույլատրելի է»։

Հեռուստաաստղը մեջբերում է թերթի պատասխանը այն հարցին, թե ինչու է նման քայլի դիմել. - «Մենք ընդունում ենք գովազդների լայն տեսականի, այդ թվում՝ այնպիսի գովազդներ, որոնք սադրիչ տեսակետներ են պարունակում»: «Եթե դա լիներ գովազդ Հոլոքոսթի կամ Սեպտեմբերի 11-ի դավադրության մասին, կտպեի՞ք»,- ի պատասխան՝ հարց է հնչեցնում ամերիկահայ հեռուստաաստղը։ «Գովազդելով ցեղասպանության ժխտումը մի երկրի կողմից, որը պատասխանատու է տեղի ունեցածի համար, ոչ թե «սադրիչ տեսակետ» հրապարակել է, այլ՝ սուտ տարածել», - շեշտում է Քարդաշյանը:

Ամերիկահայ հեռուստաաստղը, ով իր հարցազրույցներում հաճախ է անդրադառնում Հայոց ցեղասպանության թեմային՝ պատմելով նախնիների կրած տառապանքների մասին, հոդվածում հիշեցնում է․ - «Բազմաթիվ պատմաբաններ համոզված են, որ եթե Թուրքիան ընդուներ իր պատասխանատվությունը Ցեղասպանության համար, Հոլոքոսթը չէր լինի։ 1939 թվականին Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ Հիտլերն ասում էր. - «Այսօր ո՞վ է հիշում հայերի ոչնչացման մասին»։ Մենք ենք հիշում: Եվ մենք պետք է բարձրաձայնենք այդ մասին այնքան, մինչև մեր կառավարությունը ճանաչի այն: Որովհետև երբ լռում ենք մեր անցյալի մասին, մենք վտանգում ենք մեր ապագան», - հայտարարում է Քարդաշյանը՝ ամփոփելով․ - «Մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ փոխանցում ենք մեր երեխաներին։ Մենք պետք է հոգանք ճշմարտության համար, որ պահպանենք մեր ապագան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG