Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում


Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ահագնացած հարձակումների թեման առանցքային էր միջոցառման ժամանակ:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կայացել երեկ ամերիկյան Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում, որին մասնակցած սենատորներն ու Ներկայացուցիչների պալատի անդամները ընդգծել են՝ Միացյալ Նահանգները, որպես պետական քաղաքականություն, պետք է աշխատի այդ ոճրագործության ճշմարտացի և արդարացի ճանաչման ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Միջոցառման ընթացքում ամերիկացի օրենսդիրները լուրջ մտահոգություններ են հայտնել արդի վտանգավոր հետևանքների կապակցությամբ, որ ունեցել է Միացյալ Նահանգների և միջազգային հանրության անտարբերությունը մեկ դար առաջ տեղի ունեցած հակահայկական բռնությունների և ցեղասպանության նկատմամբ՝ նույնիսկ Լեռնային Ղարաբաղի դեմ վերսկսված վայրագությունների զգուշացնող նշանների առկայության պայմաններում, ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ահագնացած և ապրիլի 2-5-ը երկու կողմերից հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձած հարձակումների թեման առանցքային էր միջոցառման ժամանակ: Ընդգծելով, որ հրադադարի մշտական խախտումները սպառնում են խաղաղությանը տարածաշրջանում, կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել ռազմական օժանդակությունը Ադրբեջանին և ավելացնել օգնությունը Լեռնային Ղարաբաղին:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել ինչպես միջոցառմանը մասնակցած, այնպես էլ շատ այլ կոնգրեսականներին, որոնք «աշխատում են՝ դադարեցնելու Անկարայի կողմից ցեղասպանության ուրացմանը Միացյալ Նահանգների մեղսակցությանը և վերջ դնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական էսկալացիային դեմ-հանդիման վարչակազմի տագնապեցնող լռությանը»:

Միջոցառմանը, որ կազմակերպել էր ամերիկյան Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության հետ համագործակցաբար, ելույթներ են ունեցել սենատոր Ռոբերտ Մենենդեսը, Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Ռոբերտ Դոլդը, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Աննա Էշուն, Բրեդ Շերմանը և ամերիկացի այլ օրենսդիրներ: Մասնակիցների թվում էին նաև հունական, ասորի և քրդական համայնքների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG