Մատչելիության հղումներ

Ռումինիայում և Լիտվայում տեղակայվել են F-22 Raptor տիպի կործանիչներ


F-22 Raptor տիպի կործանիչը Լիտվայում, 27-ը ապրիլի, 2016թ.
F-22 Raptor տիպի կործանիչը Լիտվայում, 27-ը ապրիլի, 2016թ.

Լիտվայի նախագահն ասել է, որ օդանավերի տեղակայումը թույլ կտա «անհանգիստ հարևանների» պատճառով ավելի քիչ մտահոգվել։

Ռումինիայում և Լիտվայում տեղակայվեցին ամերիկյան գերժամանակակից F-22 Raptor տիպի երկուական կործանիչներ։

Հինգերորդ սերնդի այս ռազմական օդանավերն այնքան կատարելագործված են, որ ստացել են «անտեսանելի» անվանումը։ Ռադարները գործնականում չեն կարողանում հայտնաբերել դրանք։

ԱՄՆ-ի Կոնգրեսն այս օդանավերը արտադրող Lockheed ընկերությանն արգելել է դրանք վաճառել արտասահմանյան երկրներին։ Ամերիկյան ռազմաօդային ուժերում մոտավորապես 180 F22 կա։ 12 կործանիչ տեղակայված է Մեծ Բրիտանիայի արևելյան մասում։

Այդ ռազմակայանից երկու F22 երեքշաբթի օրը հասան Ռումինիա, իսկ հաջորդ օրը ևս երկու կործանիչ տեղակայվեց Լիտվայում՝ Բալթյան երկրների անվտանգությունը ապահովելու համար։

Լիտվայի Շյաուլյայ քաղաքի մոտ գտնվող ռազմակայանում երկրի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ասել է, որ օդանավերի տեղակայումը Լիտվային թույլ կտա անհանգիստ հարևանների պատճառով ավելի քիչ մտահոգվել։ «Մեր հարևաններից ոչ մեկին կոնկրետ չնշելով՝ կցանկանայի ասել, որ ոչ մեկը քիթն այստեղ խցկելու իրավունք չունի», - BBC-ի փոխանցմամբ, ասել է Լիտվայի նախագահը։

Ռուսական սպառնալիքների դեմ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայությունը ուժեղացնելու շրջանակներում ոչ միայն օդուժ, ռազմական ուժ է տեղակայվում Արևելյան Եվրոպայի դաշինքի անդամ երկրներում, այլև այս տարվա սկզբից Ռումինիան շրջանառության մեջ է դրել Սև ծովում ՆԱՏՕ-ի նավատորմ ստեղծելու գաղափարը։

Ըստ Բուխարեստի, նավատորմի հենքում կարող են լինել դաշինքի անդամ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերը, դրանցից բացի նավատորմը կուժեղացվի դաշինքի անդամ այլ երկրների ռազմանավերով, ինչպես նաև կհրավիրեն գործընկեր երկրներին՝ Ուկրաինային և Վրաստանին։

Պաշտոնական Մոսկվան կտրուկ դեմ է արտահայտվել այս ծրագրին։ Երեկ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի անունից նախարարության կայքում հաղորդագրություն է տեղադրվել, ուր ասվում է. - «ՆԱՏՕ-ի՝ սևծովյան նավատորմ ստեղծելու ծրագիրը խարխլում է տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը՝ հարկադրելով Ռուսաստանին պատասխան միջոցների դիմել»։

Զախարովան ասել է, թե ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չի մեկնաբանում այս «կասկածելի» ծրագրի մասին լուրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG