Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրն օրակարգում է


Հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ այս իրավիճակում դժվար է վարել, այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով իշխող խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին, թե կա՞ արդյոք այս օրերին որևէ հեռանկար բանակցային գործընթացով ստիպելու Ադրբեջանին չկրակել:

«Այսօր միջազգային հանրության և առաջին հերթին եռանախագահող երկրների, Հայաստանի հետ միասին ջանքերը ուղղված են նրան, որպեսզի բացառվեն հնարավորինս կրկնությունը նրա, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին և դրա մասին էր ասում նաև Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը իր այցելության ընթացքում և միայն ասեկոսեներ էին, որ ինչ-որ փաթեթ է բերել, ինչ-որ բանակցություններ են վարվում: Որևէ բանակցություններ այս պայմաններում, հասկանում եք, որ դժվար է վարել, եթե չեն ստեղծված համապատասխան պայմաններ», - պատասխանեց Նալբանդյանը:

Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրն օրակարգում է, ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին վստահեցրեց Նալբանդյանը: Միայն թե արտգործնախարարն առայժմ չի հստակեցնում, թե կոնկրետ երբ է Երևանը կյանքի կոչելու Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունը․ - «Կարծում եմ դուք պետք է լավ պատկերացնեք, որ դա պարզ գործընթաց չէ այլ բավական էքսպերտային և այլ աշխատանքի կարիք ունի և դա ընթացքի մեջ է: Երբ այդ աշխատանքը ավարտվի, համապատասխան կառույցների կողմից կարծիքներ հայտնվեն և պահը լինի այնպես, որ արդեն կարելի է այդպիսի պայմանագիր կնքել, այն ժամանակ, իհարկե, դա կիրականացվի»:

Պատգամավորի դիտարկմանը, թե հարմար պահը հենց հիմա է, Նալբանդյանն արձագանքեց, որ գուցե դա ճիշտ է, բայց բանակցային գործընթացում նաև այլ հանգամանքներ է պետք նկատի ունենալ՝ չմանրամասնելով, թե հատկապես որը:

Ապրիլյան ռազմական գործողությունների թեման Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ չշրջանցեց նաև վարչապետին: Պատգմավոր Թևան Պողոսյանը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ Պաշտպանության նախարարությունում նախօրեին Սերժ Սարգսյանի իրականացրած պաշտոնանկությունների օրինակով մտադի՞ր է վարչապետը ուսումնասիրություններ կատարել այլ կառույցներում, ի՞նչ փոփոխություններ են սպասվում ռազմաճակատի համար կարևոր ինստիտուտներում:

«Մենք ապագայում հանդես ենք գալու մեծ, համապարփակ հայտարարությամբ: Այն բոլոր փոփոխությունները, այն բոլոր բարեփոխումները, որ պետք է իրականացնեինք՝ պլանավորված՝ 2016 թվականին, վերանայվելու է և մենք համապարփակ կներկայացնենք, թե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ինչ քայլեր ենք նախատեսում, ինչ նոր փոփոխություն ենք կատարում մեր ռազմավարության մեջ և կներկայացնենք ինչպես հանրությանը, այնպես էլ խորհրդարանին», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետն, ի դեպ, պատգամավորներին փակ հանդիպման առաջարկ արեց՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Այսպիսի պահանջ ընդդիմադիրները հնչեցնում էին քառօրյայի մեկնարկին․ - «Փաստորեն բան չի մնացել Ազգային ժողովի ընտրություններին, և կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա՝ կիսվելու, ազնվանալու, անկեղծանալու և քննարկելու»:

XS
SM
MD
LG