Մատչելիության հղումներ

«Համախմբման» հիմնադիրները խոստանում են իրական այլընտրանք դառնալ


Վարդան Օսկանյանը ելույթ է ունենում ԱԺ-ում, 1-ը հոկտեմբերի, 2012թ.

Վարդան Օսկանյանը ելույթ է ունենում ԱԺ-ում, 1-ը հոկտեմբերի, 2012թ.

Վարդան Օսկանյանը բացառում է խորհրդարանական առաջիկա ընտրություններից հետո իշխող ուժի հետ կոալիցիա ձևավորելու հնարավորությունը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով մեկ տարի առաջ դուրս է եկել ԲՀԿ-ից և հայտարարել նոր կուսակցություն հիմնելու մտադրության մասին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց՝ ստեղծվելիք «Համախմբում» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ներկայանալու է, որպես այլընտրանք՝ իշխող քաղաքական ուժին։

«Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մենք փորձելու ենք ներկայանալ, որպես առանցքային քաղաքական բևեռ, ընտրությունների օրերին հանդիսանալու ենք ժողովրդի և մեր հասարակության համար իսկական այլընտրանք՝ իշխող քաղաքական ուժին: Եվ այս ճանապարհի վրա մենք պատրաստ կլինենք համագործակցելու ցանկացած քաղաքական ուժի հետ»,- ասաց Օսկանյանը:

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբում 14 մարդ է ընդգրկված, որոնցից 4-ը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ են։ Խմբի՝ այսօր տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Այսօր, առավել, քան երբևէ, անհրաժեշտ է նոր՝ համախմբման պոտենցիալ ունեցող ուժ: Հասարակությունը վաղուց է հիասթափվել տարիների ընթացքում ձևավորված քաղաքական կոնյունկտուրայից, որի միջոցով հնարավոր չի եղել Հայաստանում ձևավորել տնտեսական ու քաղաքական արդար հարաբերություններ»։

Վարդան Օսկանյանը չհստակեցրեց, թե ինչպես պետք է հասնեն համախմբման. մի բանի, որը մինչ այժմ չի հաջողվել արդեն գործող կուսակցություններին: Սակայն նա հավաստիացրեց՝ նոր մշակույթ են բերելու կուսակցաշինության և կուսակցական գործունեության ոլորտ։ «Մենք լինելու ենք բաց, լինելու ենք թափանցիկ, շատ համարձակորեն բարձրացնելու ենք երկրի առջև ծառացած բոլոր խնդիրներն ու խոսելու ենք դրանց մասին, թերությունների մասին, ձախողումների մասին և կոնկրետ լուծումներ ենք առաջարկելու»,- խոստացավ նախկին ԱԳ նախարարը:

Հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունները «ճակատագրական» համարելով Հայաստանի համար, Օսկանյանն այսօր բացառեց այդ ընտրություններից հետո Հանրապետականի հետ կոալիցիա ձևավորելու հնարավորությունը։ «Ես նման զարգացում չեմ պատկերացնում, այսօր մեր մոտեցումներն ու ծրագրերն էապես տարբերվում են, և ակնհայտ է, որ այս տարիների ընթացքում իշխող ուժը հաջողություններ չի ունեցել, և ժողովուրդը այլընտրանք է փնտրում»,- ասաց նա:

Վարդան Օսկանյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք 10 տարի ղեկավարել է երկրի արտաքին գերատեսչությունը, և շատ է խոսվում մինչև այսօր նրանց ունեցած սերտ առնչությունների մասին։ Նախկին արտգործնախարարն այսօր հավաստիացրեց՝ նոր կուսակցությունը Քոչարյանի հետ «բացարձակապես կապ չունի»:

Այսօր տարածած հայտարարության մեջ նախաձեռնող խմբի անդամները նաև նշել են. «Մենք անհիմն ու ինքնանպատակ չենք քննադատելու և ատելության քարոզ չենք տանելու։ Սկզբունքորեն մերժում ենք իշխանություն–ընդդիմություն հարթության մեջ ամեն ինչի բաժանումը սևի և սպիտակի»: Հարցին՝ արդյո՞ք կգնան հեղափոխության ու կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, Օսկանյանը պատասխանեց. «25 տարվա իմ քաղաքական գործունեության մեջ որևէ մեկի հրաժարականը չեմ պահանջել»:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ողջունել է Վարդան Օսկանյանի և նրա համախոհների՝ կուսակցություն հիմնելու որոշումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ասել է՝ «Որքան շատ լինեն կուսակցություններն ու համարձակ գործեն, այնքան երկրի վիճակը կլավանա»։

XS
SM
MD
LG