Մատչելիության հղումներ

Մանվել Եղիազարյան. «Մեր խրամատները նման են Հայրենական պատերազմի խրամատներին»


Մանվել Եղիազարյան, արխիվ

Մանվել Եղիազարյան, արխիվ

Ազատամարտիկի խոսքով, այժմ շտապ կարգով պետք է ամրացնել սահմանային դիրքերը: Նրա պնդմամբ, տարիների ընթացքում ռազմական ենթակառույցների զարգացման ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվել:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով վերջին շաբաթներին որպես կամավորական գտնվում է Ղարաբաղում, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ այժմ անհապաղ պետք է կարգի բերել սահմանային դիրքերը: Ազատամարտիկի պնդմամբ, այսօրվա խրամատները հիշեցնում են «Հայրենական մեծ պատերազմի ժամանակները»:

«Բանից պարզվում է, որ խրամատները նման են Հայրենական պատերազմի խրամատներին, ոչ մի բանով չի էլ տարբերվում, գուցե դրանք ավելի վատն են, քանի Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ։ Ես սա ասում եմ, բայց հանկարծ մարդիկ չմտածեն, որ ես պետական գաղտնիք եմ բացահայտում. ադրբեջանցիները վերցրել են մեր մի քանի դիրքերը և տեղյակ են մեր դիրքերի, խրամատների վիճակից», - ասաց ազատամարտիկը:

Մանվել Եղիազարյանը 1989-1994 թվականներին մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի, Լաչինի մարտերին: Նա ասում է՝ անցած տարիներին խրամատներում անգամ երկաթբետոնե պաշտպանող ծածկեր չեն կառուցվել, որպեսզի սահմանին կանգնած զինվորները գոնե որոշ չափով պատսպարվելու հնարավորություն ունենան, և երբ ադրբեջացնիները արկակոծում են հայկական դիրքերը, արկերը հենց խրամատի մեջ չպայթեն:

«Գոնե երեխաների գլուխը ծածկված լիներ, գոնե ռմբակոծության ժամանակ անընդհատ մարդիկ չմեռնեին։ Հիմա տղաները զոհվում են ռմբակոծության հետևանքով, որովհետև տղաներն այսօր չունեն այդ ամրացված բլինդաժները, որ կարողանան պաշտպանվել», - ասաց ազատամարտիկը։ Հարցին, թե ինչո՞ւ այդ պարզագույն խնդիրները դեռ լուծված չեն, Եղիազարյանը պատասխանեց. - «Կամ գումար չկա, կամ գումարները կերել են, չեն կարողանում անել, երկուսից մեկն է։ Բայց ես տեսնում եմ, որ գումար կա»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հրամանագրերին, որոնցով նա պաշտոնանկ արեց մի քանի բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ Զինված ուժերի շտաբի հետախուզության վարչության պետին, կապի և նյութատեխնիկական ապահովման գծով պատասխանատուներին, Մանվել Եղիազարյանն ասաց, թե ինքն անձերին չի կարող մեղադրել, քանի որ նրանք, եթե թերացումներ են ունեցել, կամ չարաշահումներ են թույլ տվել, ապա դա միայնակ չեն արել:

«Ես անձին չեմ կարող մեղադրել, նա ինքնուրույն չի կարող թալանել երկիրը։ Դա եղել է համատարած ամեն մի բնագավառում, և բոլորը միասին պետք է որոշեն՝ ինչպես պետք է անենք, որ կանգնեցնենք այս հարձակումը, այս կռիվը կանգնեցնենք։ Նորից եմ կրկնում՝ Ադրբեջանը սահմանամերձ գյուղերից իր բնակիչներին հանում է, դուք ինչ գիտեք, որ երեք կամ հինգ օրից մի սարսափելի հարձակման չի անցնի Ադրբեջանը։ Նույն Ադրբեջանը Ջաբրայիլում մեր պոստերից մի քանիսը վերցրել է՝ երկու- երեքը, այդ պոստերում այսօր մեքենաները կանգնած՝ երկաթբետոնի մեքենաները, ամրություններ են սարքում, բետոն են լցնում, կռան է կանգնած, մենք ի՞նչ ենք անում, ես չգիտեմ», - ասաց Եղիազարյանը։

Ազատամարտիկը նշում է՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը մոտավորապես 200 կմ երկարություն ունի, և այդ սահմանը կարելի էր նորագույն զինտեխնիկայով այնպես հագեցնել, որ ոչ մի ադրբեջանական դիվերսիոն խումբ չկարողանար ներթափանցել: Սակայն, նրա պնդմամբ, այդ ամենն անցած տարիների ընթացքում չի արվել, ինչպես և՝ կարգի չեն բերվել բազմաթիվ ճանապարհներ, որոնցով վիրավոր զինվորներին տեղափոխելը պարզապես անհնար է: Բացի այդ, ըստ Եղիազարյանի, «գրեթե կապ չկա» Մատաղիսում, Թալիշում, Մարտակերտում, անհրաժշտության դեպքում հնարավոր չէ հեռախոսով կապվել մարտական ընկերների հետ:

Այս օրերին, իբրև կամավորականներ, Ղարաբաղում են նաև «Ազատամարտիկների դաշինքի» այլ անդամներ, այդ թվում՝ Ռազմիկ Պետրոսյանը: Վերջինս նույնպես «Ազատության» հետ զրույցում խոսեց մի շարք բացթողումների մասին: Մասնավորապես, Պետրոսյանի խոսքով, Երևանի կենտրոնը տեսանկարահանող սարքերով գերհագեցնելու փոխարեն, անհրաժեշտ էր նորագույն տեխնիկայով սահմանը զինել և զինվորի պաշտպանության մասին մտածել:

Մինչդեռ, ինչպես տասնամյակներ առաջ, այսօր էլ շատ տեղերում սահմանին պահածոների թիթեղյա տուփեր են կախված, ասում է նա և շարունակում՝ «Գոնե հիմա ազգովին խելքի գանք, հիմա պաշտպանություն կազմակերպենք: Հիմա այդ սարքերը պետք է սահմանում լինեին, որ զինվորը չցցվեր՝ նայելու համար, մենք պետք է զինվորին պաշտպանելու հնարավորություն ապահովեինք, դա միայն զինվորական ղեկավարության խնդիր չի, պետական մոտեցման խնդիր ա:

Էսօր երկու-երեք զինվորական հանելով խնդիր չի լուծվելու, պետությունը պետք է դեմքով թեքվի դեպի զինվորը, դեպի բանակը, դեպի պաշտպանությունը, դեպի անվտանգությունը: Կոռուպցիան ողջ երկրին ա հոշոտել, միայն բանակը չի, այդ թվում՝ բանակն է: Սպառազինության պակասը նաև կոռուպցիայի հետևանք է»:

XS
SM
MD
LG