Մատչելիության հղումներ

logo-print

Ժնևը հրաժարվում է հեռացնել Էրդողանին քննադատող լուսանկարը


Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռեջեփ Էրդողան, արխիվ

Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Թուրքիայի խնդրանքը՝ հեռացնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին քննադատող լուսանկարը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց գտնվող հանրային հրապարակից։

Լուսանկարիչը Դեմիր Սոնմեզն է, նա հայկական և քրդական արմատներ ունի։ Սոնմեզը 2005 թվականին հրաժարվել է Թուրքիայի քաղաքացիությունից։

Ժնևի հրապարակում նա հանրահավաքներ, ցույցեր, ակցիաներ պատկերող տասնյակ լուսանկարներ է ցուցադրում։ Դրանցից մեկում Թուրքիայի հակակառավարական ցույցերի ժամանակ մահացած տղայի դեմքն է։ Տղան մահացել է 2013 թվականին՝ Ստամբուլում ցույցերի ժամանակ ստացած վերքերից, երբ անվտանգության ուժերը բիրտ ուժ կիրառեցին ցուցարարների դեմ։ Լուսանկարում նաև պաստառ է երևում, որի վրա էրդողանին մեղադրող գրառումներ են։ Հաղորդելով այս մասին, Reuters-ը փորձել է մեկնաբանություններ ստանալ Շվեյցարիայում աշխատող Թուրք դիվանագետներից, բայց չի հաջողվել։

Ժնևի քաղաքապետարանի մամուլի խոսնակն ասել է, որ լուսանկարը հեռացնելու խնդրանքով դիմել էր Թուրքիայի հյուպատոսությունը։ Շվեյցարիայում Թուրքիայի դեսպանությունը շվեյցարական հեռուստաընկերությանն ասել է, թե հարգում է ցանկացած արվեստագետի ազատություն, բայց լուսանկարը Էրդողանին պատկերում է անարդար և անիրական ձևով։

Ժնևի քաղաքապետարանը իր հայտարարությամբ պաշտպանել է ցուցահանդեսը՝ նշելով, որ ցուցահանդեսում ներառված են Իսրայելի դեմ և կողմ լուսանկարներ, Իրաքի փոքրամասնությունների, եզդիների իրավունքների, քրդերի ռազմական առաջնորդ Աբդուլա Օջալանի լուսանկարները։

Ժնևի քաղաքային խորհուրդը հայտարարությունում նշել է, որ ցուցահանդեսի լուսանկարները պաշտպանում են արտահայտվելու ազատությունները և ընդգծում են Ժնևի դիրքորոշումը, որպես մարդու իրավունքների մայրաքաղաքի։ Ժնևի իշխանությունները նաև հայտնել են, որ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև մայիսի 1-ը։

Լուսանկարիչ Սոնմեզն ասել է, թե Թուրքիայի խնդրանքն իր համար անակնկալ չէր։ «Ի վերջո Թուրքիան կրակել է իր իսկ ոտքին», - ասել է նա Reuters-ին։

2014 թվականից հետո, երբ Էրդողանը նախագահ է դարձել, Թուրքիայի իրավապահները 1800 գործ են բացել նրան` վիրավորելու մեղադրանքներով։

Շվեյցարիայի դիրքորոշումը հակառակն է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի որոշման, ով թույլատրեց հետաքննություն սկսել Գերմանիայի քաղաքացի, երգիծաբան Յան Բյոհմերմանի դեմ՝ Էրդողանի մասին երգիծական ոտանավորի համար։

Գերմանիայում անցկացված հարցումը ցույց է տվել, որ գերմանացիների երկու երրորդը դեմ է կանցլերի որոշմանը, հաղորդում է Reuters-ը։

XS
SM
MD
LG