Մատչելիության հղումներ

Իշխանության ընդդիմախոսներն այսօր Ազգային ժողովի ամբիոնից իշխանության և ընդդիմության միջև Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կոնսենսուսի ձևավորման կոչեր հնչեցրին

Իշխանության ընդդիմախոսներն այսօր Ազգային ժողովի ամբիոնից իշխանության և ընդդիմության միջև Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կոնսենսուսի ձևավորման կոչեր հնչեցրին, անգամ առաջարկվեց նախագծի քվեարկությունը հետաձգել մինչև համաձայնության ձեռք բերումը:

Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) անմիջապես մերժեց այդ առաջարկը․ - «Պետք է քննարկենք, քվեարկենք և առաջ շարժվենք ավելի լավ փաստաթուղթ ունենալու համար: Իշխանությունը առաջարկել և առաջարկելու է փոխզիջումային տարբերակներ, բայց խնդրանքս է, որպեսզի ընդդիմադիր իմ գործընկերներն էլ գիտակցեն այդ փոխզիջումների կարևորությունը: Փոխզիջումների, այլ ոչ թե միակողմանի զիջումների»:

Կոշտ էր Շարմազանովի արձագանքը նոր կուսակցություն ստեղծելու մասին հայտարարած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթին:

Վերջինս իշխանությանը դիմեց փոխզիջման գնալու կոչով՝ շարունակելով․ - «Երկու տասնամյակ Հայաստանում ընտրությունները կեղծվել են: Բոլորս դա արձանագրում ենք: Կեղծվել են ընտրակաշառք բաժանելով, կարուսելներ կազմակերպելով, կրկնակի քվեարկություններով, կեղծվել են բացակա մարդկանց կողմից, այլ անձանց կողմից քվեարկելով, լցոնումներով, բոլոր տեսակի հաշվառման ժամանակ խարդախություններով: Այս բոլորը հաշվի առնելով՝ մենք այս օրենքով ուզում ենք այդ ամենը կարգավորել: Արդյո՞ք այս օրենքը, որը ներկայացվել է, այդ խնդիրները լուծում է: Բացարձակապես չի լուծում»:

Շարմազանովի արձագանքը․ - «Նախ ես չեմ հիշում, որ իմ հարգարժան ավագ գործընկերը, երբ որ բարձր պաշտոն է զբաղեցրել, նման հայտարարություններ անի: Եթե թաքուն ղեկավարության ականջին ասել է՝ չգիտեմ, բայց հրապարակային չեմ հիշում, պարոն Օսկանյան: Դուք պնդում եք, որ քսան տարի մեր ընտրությունները կեղծվել են, ապա գոնե 1998 թվականի և 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Դուք Հանրապետության նախագահի կողմից նշանակվել եք Արտաքին գործերի նախարար․․․ Կարելի է ենթադրել, որ Դուք՝ որպես Արտաքին գործերի նախարար, և Ձեր նշանակումը չի եղել ո՛չ լեգալ, ո՛չ լեգիտիմ: Այստեղ են ասում՝ язык мой - враг мой»:

4+4+4 պայմանական ձևաչափով բանակցությունները դադարեցին, երբ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարեցին, թե իշխանությունն, ըստ էության, մերժել է իրենց միասնական պահանջները:

Ստեփան Մարգարյանը կարծում է՝ ուշ չէ անգամ բանակցությունների նոր ֆորմատ ձևավորելու համար․ - «Հակառակ դեպքում մենք ունենալու ենք ձևավորված մի իշխանության մարմին, որը լեգիտիմության կասկածներ է առաջացնելու հասարակության մոտ»:

«Իշխանությունը առաջարկել և առաջարկելու է փոխզիջումային տարբերակներ, բայց խնդրանքս է, որպեսզի ընդդիմադիր իմ գործընկերներն էլ գիտակցեն այդ փոխզիջումների կարևորությունը: Փոխզիջումների, այլ ոչ թե միակողմանի զիջումների», - պատասխանեց Շարմազանովը:

Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին իր մասնակցությունն առկախած ՀԱԿ-ը երեկ հայտարարեց՝ պատրաստ է վերսկսել բանակցությունները, եթե իշխանությունը կատարի իրենց միասնական պահանջներից առնվազն երկուսը՝ մաքրի ընտրացուցակները, տեղադրի տեսախցիկներ:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքով, իշխանությունն այս պահին կարևորում է խորհրդարանում ընթացող քննարկումները, գործընկերներին կոչ արեց դրանց մասնակցել, ասաց՝ բանակցությունների վերսկսմանը կանդրադառնան Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցումից հետո:

«Նորից խոսել դրա մասին, կարծում եմ, այնքան էլ տեղին չէ և հարիր չէ, որովհետև պատգամավորի տեղը լիագումար նիստերն են, որտեղ պետք է գա նաև հանրության համար հրապարակային քննարկումների արդյունքում ներկայացնի իր մոտեցումները, տեսակետները», - նշեց Սահակյանը:

XS
SM
MD
LG