Մատչելիության հղումներ

ԱՆ. Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիների առողջական վիճակը կայուն է


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, երկուսն էլ գիտակցության մեջ են:

«Տղաներին կատարվել է վերքերի մշակում, օտար մարմինների հեռացում, ինչպես նաև այլ գործողություններ: Նման խորը վերքերի դեպքում առկա է առաջնային ինֆեկցիայի ներթափանցման վտանգ: Բուժօգնությունն այս փուլում ուղղված է վարակների կանխարգելմանը», - ասված է հաղորդագրությունում:

Այսօրվա տվյալներով` «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժում է ստանում պայթյունից տուժած 3 քաղաքացի, որոնց վիճակը բժիշկները գնահատում են լավ: Նրանցից մեկը` 14-ամյա աղջիկը, պատրաստվում է դուրս գրման:

Բժշկական հաստատությունից երեկ դուրս է գրվել նաև 62-ամյա կինը, ով պատահարից ժամեր անց էր տեղափոխվել հիվանդանոց:

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժումը շարունակում է վթարից տուժած 37-ամյա հղի կինը: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նա ունի սալջարդեր, արյունազեղումներ, որոնք երկրորդային են, այս պահին առաջնային է հղիության պահպանումը: Պտուղը չի տուժել, սակայն հետագա հետսթրեսային բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է մշտական հսկողություն: Պարբերաբար կազմակերպվում են նաև նեղ մասնագիտական` ակնաբույժի, նյարդաբանի խորհրդատվություններ: Ներկա դրությամբ կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG