Մատչելիության հղումներ

Քաղաքագետները՝ ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաների՝ աշխատանքից ազատվելու մասին։

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պաշտոնից ազատված Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ըստ քաղաքագետ Մանվել Սարգսյանի, թերացել էին իրենց աշխատանքում և նրանց հեռացումը, քաղաքագետի խոսքով, օրինաչափ է, բայց ոչ բավարար։

Թե՛ հետախուզության, թե՛ կապի ապահովման առումով հայկական կողմն, ըստ քաղաքագետի, թերացել էր, սակայն, Սարգսյանի կարծիքով, պատասխանատվության պետք է ենթարկվեին նաև ավելի բարձր ղեկավար օղակները։ «Շտաբի պետը մեղադրվում է հակապետական գործունեության մեջ, սխալ որոշում ընդունելու մեջ... հազար ու մի մեղադրանքներ կան՝ լրջագույն։ Կարևոր է չէ՞, որ հանրությունն այդ հարցերի պատասխանը ստանա։ Շտաբի պետն առաջինը մեղադրվում է նրա համար, որ զինադադարը կնքվել է ի օգուտ Ադրբեջանի, այն որ թույլատրել է հարձակումը, որ զոհեր են եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ պաշտոնանկությունները կատարվող փոփոխությունների տեսանելի մասն են միայն։ «Ակնհայտ է, որ նախարարության ներսում այլ միջոցներ էլ են ձեռնարկվում՝ դրանք կլինեն պաշտոնյաների տեղափոխություններ, ինչ-որ նկատողություններ, ուղղակի հանրությունն այդ մասին չի իմանա։ Կլինեն նաև որոշակի թրեյնինգներ, որոշակի փոփոխություններ։ Ամեն դեպքում, միշտ լավ է հետևություններ անել ու փորձը հետագայում կիրառել», - ասաց Իսկանդարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG