Մատչելիության հղումներ

Գիշերը շփման գծում իրավիճակը լարված է եղել, ՊԲ մեկ զինծառայող է զոհվել


Հայ զինվորները մարտական հենակետում, 5-ը ապրիլի, 2016թ.

Հայ զինվորները մարտական հենակետում, 5-ը ապրիլի, 2016թ.

ԼՂ ՊՆ-ի փոխանցմամբ, առավել ինտենսիվ հրետակոծվել են Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրերը։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն այսօր «Ազատության»-ը փոխանցեց, որ ադրբեջանական զինուժը այս գիշեր ևս խախտել է զինադադարի ռեժիմը՝ հրետակոծել է Մարտակերտ քաղաքը։

Բաբայանի փոխանցմամբ, այժմ ճշտվում են ավերածությունների չափերը, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդեց, որ այս գիշեր ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր։

Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 1996 թվականին ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:

«Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների և թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ապրիլի 5-ին հակամարտ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած մարտավարությունն ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն մի կողմից իր սադրիչ գործողություններով իրավիճակը տանում է դեպի կանխամտածված սրացման, իսկ մյուս կողմից շտապում առաջնային գծում տեղի ունեցող զարգացումները ներկայացնել որպես հայկական կողմի նախահարձակ գործողությունների հետևանք:

«Հատկանշական է, որ հակառակորդն իր այս գործելաոճը կյանքի կոչելու համար դիմում է սեփական զինանոցում եղած ամենաստոր ու հրեշավոր միջոցների կիրառմանը: Ասվածի անհերքելի ապացույցներից է առաջնային գծին մերձակա բնակավայրերում ադրբեջանական հրետանու և զրահատանկային ուժերի համար կրակային հենակետերի ծավալման փաստը, որտեղից հակառակորդը, հիմնականում գիշերային ժամերին, հրետակոծության և արկակոծության է ենթարկում հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը», - ասված է հայտարարությունում:

Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում և, արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ինչպես հայտարարում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սև գործը։

Ելնելով ստեղծված իրավիճակից` Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հակառակորդ կողմին խորհուրդ է տալիս հարգել իրենց իսկ խնդրանքով կրակի դադարեցման վերաբերյալ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը ու նաև զգուշացնում` խաղաղ բնակավայրերը չվերածել կրակային հենակետերի` դրանք դարձնելով խոցման թիրախ: «Հակառակ դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG