Մատչելիության հղումներ

Պատգամավոր․ Հայկական ուժերը պետք է Ադրբեջանին պարտադրեն զինադադարի պայմանների կատարումը


Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Հայաստանը խստորեն դատապարտում է պաշտոնական Բաքվի փորձերը՝ միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության հայտարարության, Ադրբեջանը հերթական սադրիչ նամակն է տարածել է ՄԱԿ-ում:

Ինչպես պարզ է դառնում ՄԱԿ-ի պաշտոնական էջում հրապարակված նամակից, Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում ապրիլի 2-ի լայնածավալ ռազմական գործողություններով 1994 թվականի հրադադարի պայմանագիրը չեղարկելու համար: Նամակում Ադրբեջանը նաև նշում է, որ ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ նոր երկկողմ հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարների միջև:

Հայաստանի արտգործնախարարությունը ընդգծում է, որ ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը չի կարող փոխարինել 1994թ. մայիսի 12-ի զինադադարի մասին համաձայնագիրը՝ կոչ է անելով Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու միջազգային հանրությանը պարտավորեցնել Ադրբեջանին խստորեն հետևել զինադադարի համաձայնագրին, և զգուշացնելով, որ Հայաստանը ձեռնարկելու է բոլոր հնարավոր ջանքերը Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության ապահովման համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու քայլից բխող հնարավոր վտանգավոր հետևանքները:

ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ

ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ

1994 թվականին զինադադարի կնքման ժամանակ Հայաստանի վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, Ադրբեջանը փորձում է առիթից օգտվել և Ստեփանակերտին դուրս թողնել բանակցային գործընթացից․ - «Կարող են խաբել, կարող են բլեֆ անել: Կարող է դա գալիս է նրանց անճարությունից: Այնուամենայնիվ, ապրիլյան քառօրյա պատերազմում նրանց չհաջողվեց իրականացնել իրենց գործողությունները, իսկ դա նշանակում է, որ մենք հաղթեցինք: Նաև այն է, որ այնտեղ ստորագրել է նաև Լեռնային Ղարաբաղը: Ուզում են աշխարհին հայտարարեն, որ մենք՝ Ադրբեջանս, իբր թե Լեռնային Ղարաբաղի հետ ոչինչ չենք ստորագրում»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան, արխիվ

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան, արխիվ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով՝ այսկերպ Ադրբեջանը հերթական անգամ փորձ է անում հրադադարի ռեժիմը պահպանելու պատասխանատվությունից հրաժարվել և տապալում է միջազգային հանրության ջանքերը․ - «Այս իրավիճակում առավել քան կարևոր են դառնում հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմներ տեղադրելը և միջազգային հանրության ուղիղ ճնշումները Ադրբեջանի վրա: Եվ Ադրբեջանին ենթարկել սանկցիաների»:

«Համաձայնագիրը գործում է, բայց Ադրբեջանը դրանով, իր տեսանկյունից, իբրև թե հնարավորություն է ունենալու խուսափել հրադադարի ռեժիմը պահպանելու պատասխանատվությունից, ինչը անընդունելի է», - հավելեց Զաքարյանը:

Պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով, զինադադարի պայմանագիրը Ադրբեջանը երբեք չի հարգել, պարզապես այժմ փորձում է միջազգային հարթակներում դրա պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա․ - «Պետք է հասկանանք, որ այսօրվա դրությամբ հայկական ուժերի առջև դրված է մի շատ կարևոր խնդիր՝ զինադադարի պայմանների կատարումը պարտադրել Ադրբեջանին»:

Ի դեպ, զինադադարի պայմանագիրը միակողմանիորեն չեղյալ համարելու մասին մի նամակ էլ Ադրբեջանը ավելի վաղ ուղարկել էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ), ինչի մասին վկայում է ապրիլի 12-ին ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչության կողմից Ադրբեջանին ուղարկված պաշտոնական նոտան, որում շեշտվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին հարգել 1994 և 95 թվականի զինադադարի անժամկետ համաձայնագրերը, և որ նախկինի պես դրանք են ղարաբաղյան հակամարտության հրադադարի հիմքը, իսկ ապրիլի 5-ին միայն պայմանավորվածություն է եղել վերականգնել կրակի դադարեցման ռեժիմը:

XS
SM
MD
LG