Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է վերադառնալ Ընտրական օրենսգրքի շուրջ բանակցությունների սեղանին, եթե իշխանությունները պատրաստակամություն հայտնեն լուծել ցուցակների մաքրման ու տեսախցիկների տեղադրման հարցը։

«Վրացական տարբերակով ցուցակները մաքրելը՝ այդտեղ համարյա համաձայնության եկել ենք: Ուղղակի իշխանությունը պետք է դադարեցնի իր սաբոտաժը, իսկ դա սաբոտաժ է, երբ նա հրաժարվում է մասնակցել ցուցակների մաքրման գործին: Եվ եթե նաև հայտարարի, որ պատրաստ է լուծել նաև տեսախցիկների տեղադրման խնդիրը, ուրեմն մենք կարող ենք վերսկսել 4+4+4 ֆորմատով բանակցությունները», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Կոնսենսուսի մասին խոսելը վաղ է, բայց հնարավոր է վերսկսել բանակցությունները, ասում է Զուրաբյանը, բացատրելով, թե ինչու են բոյկոտել Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները. - «Եթե հանրությանը ամենաշատը հուզող 5 պահանջների շուրջ իշխանությունները չեն գնում որևէ լուրջ զիջման, մենք համարում ենք անիմաստ՝ քննարկել երկրորդական հարցերը: Երկրորդական հարցե՞ր պետք է լուծենք Ազգային ժողովում՝ դա մեզ չի հետաքրքրում»:

4+4+4 ձևաչափով իշխանությունների հետ բանակցությունները բոյկոտած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ևս չեն բացառում բանակցությունները վերսկսելու հնարավորությունը, եթե նկատեն, որ իշխանություններն իսկապես պատրաստ են փոխել տեսակետները սկզբունքային հարցերի շուրջ:

«Եթե վերանայվի իշխանությունների դիրքորոշումը առանձին հարցերի վերաբերյալ, և, մասնավորապես, ցուցակների հրապարակման վերաբերյալ, ապա մենք պատրաստ ենք վերադառնալ և շարունակել քննարկումը: Մեզ համար ցուցակների հրապարակումը առաջին կարևոր կետն է», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց բանակցություններում քաղհասարակության ներկայացուցիչներից՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

Իշխանության ներկայացուցիչները քաղհասարակության ու ընդդիմադիրների 5 պահանջներին պատասխանում են հակընդդեմ առաջարկներով: 4+4+4 ձևաչափով բանակցություններում իշխանության ներկայացուցիչներից՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասում է՝ ցուցակների հրապարակման փոխարեն պատրաստ են դիմումի դեպքում տրամադրել կոնկրետ տեղամասի ցուցակից ընտրությանը մասնակցած քաղաքացիների ընտրացուցակային համարները․ - «Հաշվի առնելով, որ բոլոր անձինք գրանցվելու են էլեկտրոնային սարքի միջոցով, դա նշանակում է՝ էլեկտրոնային սարքում առկա է յուրաքանչյուր անձի վերաբերյալ գրառում, որ նա մասնակցել է ընտրության»:

Դիտորդական կազմակերպությունները, սակայն, պնդում են՝ խնդիրը այսպես չի լուծվի։

Սոնա Այվազյանը ընդգծում է, որ եթե չկա ընդհանուր վստահություն էլեկտրոնային համակարգի նկատմամբ, ապա չկա վստահություն նաև դրա կողմից գեներացված ցուցակի նկատմամբ:

Իշխանությունները ասում են՝ ընդդիմադիրների ու քաղհասարակության մի շարք պահանջների կատարման համար լուրջ ֆինանսական միջոցներ են հարկավոր, ինչը պետությունը չունի։

Ընտրական օրեսգրքի շուրջ քննարկմանը ներկա էր Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով միջազգային հանրության անունից խոստացավ՝ ընտրական գործընթացները իրենց կողմից կֆինանսավորվեն, սակայն մեկ պայմանով․ - «Մենք պատրաստ ենք օգնել մեր հնարավորությունների սահմաններում։ Բայց, ինչպես նախկինում էլ հստակ ասել ենք, մեզ համար կարևոր է տեսնել, որ ունենք Ընտրական օրենսգրքի լավ նախագիծ, որն արտացոլում է միջազգային կառույցների առաջարկները և բարձրացնելու է Հայաստանում վստահության մակարդակը»։

Լևոն Զուրաբյանը պնդում է՝ իրենց 5 առաջարկները հիմնված են հենց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ վերջին մի քանի ընտրություններից հետո տված հանձնարարականների վրա։ Հավելում է՝ ապրիլյան բախումներից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվել, ու իշխանությունները 2017-ին պարտավոր են ժողովրդավարական չափանիշներով ընտրություն անցկացնել․ - «Այլևս Ընտրական օրենսգրքի խնդիր չէ, սա մի խնդիր է, որ այսօր Հայաստանի իշխանությունները պետք է սթափ գիտակցեն մի բան՝ կա՛մ նրանք օգտվում են այն հնարավորությունից, որ ստեղծվել է, և անցում են կատարում դեպի ժողովրդավարություն, կա՛մ բոլոր հետևանքների պատասխանատուն դառնում են իրենք»:

Եվրամիության դեսպանի համար առաջընթաց կլինի, եթե Հայաստանում ընտրությունների մակարդակը մոտենա Վրաստանին:

«Եթե ձեր հաջորդ ընտրություններն անցկացվեն Վրաստանի 2011-ի ընտրություններին մոտ մակարդակով, ողջ միջազգային համայնքը կատարելապես գոհ կլինի», - ասաց Սվիտալսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG