Մատչելիության հղումներ

Միջնորդներն աշխատում են Սարգսյան - Ալիև հանդիպման կազմակերպման ուղղությամբ


ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիո, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիո, արխիվ

Շփման գծում տիրող կացությունը և'ս միջնորդների ուշադրության կենտրոնում է, ասել է Ֆրանսիացի համանախագահը։

Շփման գծում չդադարող բախումների ֆոնին, ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող միջնորդները հանդես են գալիս բանակցային պրոցեսը շարունակելու մասին հայտարարություններով: Երեկ Բաքվում այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն։

Ռուսական «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ֆրանսիացի դիվանագետը պնդել է, թե միջնորդների թիվ մեկ խնդիրն այս փուլում բարձր մակարդակի հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպելն է: «Մենք հանդիպել ենք երկու երկրների նախագահներին և այժմ փորձում ենք նախագահների հանդիպում կազմակերպել», - նշել է Միսնկի խմբի ֆրանսիացի միջնորդը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են 2015 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայում: Այդ հանդիպումը, ինչպես և նախորդ բանակցային փուլերը, այդպես էլ որևէ արդյունքի չէր հանգեցրել:

Ինչ վերաբերում է շփման գծում տիրող կացությանն, ապա այն ևս միջնորդների ուշադրության կենտրոնում է: Ֆրանսիացի համանախագահի խոսքով` «հրադադարի ռեժիմը չպետք է խախտվի և հարկավոր է շուտափույթ կերպով զարկ տալ բանակցային պրոցեսի մեկնարկին»։

Նրա այս հայտարությունները, սակայն, որոշակիորեն հակասում են Միսնկի խմբի մեկ այլ համանախագահի` ամերիկացի Ջեյմս Ուորլիքի վերջին հարցազրույցներում հնչած մտքերին: Այսպես, երկուշաբթի օրն, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, Ուորլիքը ասել էր, թե ոչ միայն նախագահների, այլև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում այս պահին դեռ չի նախատեսվում:

«Մենք մշտական կապի մեջ ենք նախարարների հետ, որպեսզի համանախագահների հովանու ներքո սկսենք բանակցությունները։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հանդիպել նախարարների հետ». - ասել էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Միջնորդների այս իրարամերժ հայտարարությունների ֆոնին, սակայն, Լեռնային Ղարաբաղի շուրջ կուլիսային շփումները ակնհայտորեն չեն դադարում: Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև:

«Զրույցի ընթացքում Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ թեմաները, մտքեր են փոխանակել ղարաբաղյան կարգավորման հեռանկարների ինչպես նաև հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված գործողությունների մասին». - նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG