Մատչելիության հղումներ

Ավտոբուսի պայթյունից տուժածները մանրամասներ են փոխանցում


Ավտոբուսի պայթյունից տուժած Անահիտ Միքայելյանը զրուցում է «Ազատության» հետ: 26-ը ապրիլի, 2016 թ․

Ավտոբուսի պայթյունից տուժած Անահիտ Միքայելյանը զրուցում է «Ազատության» հետ: 26-ը ապրիլի, 2016 թ․

Երեկ երեկոյան Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 7 ուղևորների վիճակն այսօր բժիշկները կայուն են գնահատել:

14-ամյա Անահիտ Միքայելյանը երեկ երեկոյան Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի ուղևորներից մեկ է: Թեպետ շատ բան չի հիշում, բայց դեպքից որոշ ուշագրավ մանրամասներ պատմեց․ ավտոբուսը պայթել է միանգամից, առանց կրակի, ինքը նստած է եղել վարորդի հետևի նստարանին, բայց պայթյունի ուժն ու տաքությունը թիկունքից է զգացել:

Մեջքի, ձեռքերի ու ոտքերի խորը քերծվածքներով աղջիկը նաև կոնտուզիա է ստացել, վնասվել են ականջների թմբկաթաղանթները:

Անահիտի ուշադրությունը գրավել է վարորդի կողքին կանգնած ուղևորը, որը, իր կարծիքով, չէր կարող փրկվել․ - «Աչքերս բացեցի, ինքը հենց իմ դիմացն էր, դռան կողքը, բռնված էր, որ պետք ա իջներ կանգառում․․․ Պայթյունից հետո իրա մարմինը ուղղակի էրկու մասի էր պոկվել․․․ Ես նստած էի հենց դռան կողմից առաջին նստարանին, այդ կողմից է հենց եկել պայթյունը, աջ կողմից․․․ ինձ հրեցին դեպի ձախ: Տենց ընկել եմ գետնին»:

Ավտոբուսի 10 ուղևորներից մեկը՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն տեղափոխված 37-ամյա հղի Անուշիկ Եղինյանը, մարմնի տարբեր հատվածներում արյունազեղումներ ու սալջարդեր ունի: 5 ամսական հղի կինը, ով հրաժարվեց խոսել լրագրողների հետ, Ղարաբաղի բնակիչ է: Հորաքրոջ՝ Ռուզաննա Բագրատունու խոսքով, վիրավորված կինը զինվորական է:

Ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը կնոջ վիճակը գնահատեց բավարար, բայց ասաց, որ երկրորդ երեխային սպասող կնոջ մոտ դեռ վիժման վտանգ կա․ - «Կարող է էս պահին նրա մոտ ոչինչ չլինի, բայց հետո իրա մտածմունքը, իրա նեյրոէնդոկրին սիստեմի փոփոխությունները կարող են բերել նորից վիժման երևույթների: Այդ կանխարգելիչ բուժումը ուղղված է նրա վիժումը կանխարգելելու»:

Ավտոբուսի պայթյունից տուժած Հարություն Թերզյանը: 26-ը ապրիլի, 2016 թ․

Ավտոբուսի պայթյունից տուժած Հարություն Թերզյանը: 26-ը ապրիլի, 2016 թ․

45-ամյա Հարություն Թերզյանի ականջների թմբկաթաղանթներն են պայթյունից պատռվել: Բժիշկն ասաց, որ այսօր կզննեն ու կորոշեն կատարվելիք վիրահատության ծավալը:

Նա հիշում է, որ նստած էր հետևի նստարաններից մեկին, երբ հանկարծ ավտոբուսի լույսերը հանգեցին ու պայթյուն որոտաց․ - «Հիշում եմ, որ գնացի էն աշխարհ, հետ եկա: Աստված երևի խնայեց: Պայթյունից հետո ուշքի եկա, սաղ մոխիրի մեջ նստած էին»:

Երեկ երեկոյան Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 7 ուղևորների վիճակն այսօր բժիշկները կայուն են գնահատել: Նրանցից միայն երկուսն են այս պահին վերակենդանացման բաժանմունքում, մեկը շուտով դուրս կգրվի, մնացածը տեղափոխվել են մասնագիտացված այլ կլինիկաներ:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակից այսօր դուրս են եկել տուժած ուղևորներից 14-ամյա և 15-ամյա պատանիները: Բժիշկներին հաջողվել է սրունքի բարդ վիրահատությունից հետո փրկել նրանցից մեկի ոտքը: Պատանուն հետագայում պլաստիկ վիրահատություն է սպասվում:

«Բեկորային, այրվածքային վնասվածքներ էր: Ստորին վերջույթը մեկ դեռահասի լուրջ վնասվածքներ ուներ, վիճակը ծայրահեղ ծանր էր: Բոլորի վիճակը մենք գնահատել ենք ծանր, երկուսինը՝ ծայրահեղ ծանր: Այս պահին նրանք ևս գնահատվում են որպես կայուն ծանր», - նշեց Արմեն Մուրադյանը:

Առողջապահության նախարարը հավելեց, որ երեկ հենց դեպքի վայրից տուն էր գնացել 62 տարեկան տուժած մի կին, ով, սակայն, առավոտյան հիվանդանոց է վերադարձել: Այժմ վերակենդանացման բաժանմունքում գտնվող կնոջ վիճակը նույնպես կայուն է գնահատվում:

XS
SM
MD
LG