Մատչելիության հղումներ

logo-print

Դատախազություն․ Ահաբեկչության վարկածը ամբողջությամբ հերքվել է


Մոտ 24 ժամ առաջ Երևանում որոտացած պայթյունն ահաբեկչություն չէ, հայտարարում են իրավապահները՝ միաժամանակ շեշտելով, որ վարկածների շրջանակը նեղանում է։

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է բջջային քարտ, որի բաժանորդը Հայաստանի քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված: Նրա տանը հայտնաբերվել է «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր իրավապահները հայտնաբերվել են նաև ավտոբուսի վրա: Պարզվել է նաև, որ քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականներից և պատրաստվել է պայթուցիկն օգտագործել նրանց դեմ:

Առայժմ չի հստակեցվում՝ արդյոք նա երկու զոհերից մեկն է: Այժմ միջոցներ են ձեռնարկվում հեռախոսային քարտի բաժանորդի և երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ։ Դիակն անճանաչելի է, նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։

Ապրիլի 25-ին ուշ երեկոյան պայթեցված ավտոբուսում եղել է 10 մարդ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են: Պարզված է միայն մեկ զոհի ինքնությունը, նա և ութ վիրավորները Հայաստանի քաղաքացիներ են:

Իրավապահներն, ի դեպ, նրանց բոլորի բնակարաններում ևս խուզարկություններ են արել, քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ չեն հայտնաբերվել, նրանց հնարավոր առնչությունը տեղի ունեցած պայթյունին հերքվել է։

Առաջին տեղեկությունները երեկ ուշ գիշերին տեղում հայտնեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով բացառեց գազի բալոնի պայթյունի վարկածը, քանի որ «Bogdan» ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով: Պայթյունը, ոստիկանապետի փոխանցմամբ, տեղի է ունեցել ավտոբուսի առաջնամասում՝ երկրորդ շարքում նստած տղամարդու մոտ:

«Այրում չի եղել, հետևաբար պայթյուն է, որը կապված չէ գազի և վառելանյութի հետ: Այսպես են ասում՝ ֆուգասային, այսինքն՝ ոչ բեկորային, ալիքավոր», - նշեց Գասպարյանը:

Կեսօրին ավտոբուսը քարշակով դուրս բերվեց Հալաբյան փողոցից, տարածքը ջրցան մեքենաներով մաքրվեց, վերականգնվեց երթևեկությունը: Հարևան շենքի տներում արդեն վերականգնում էին պայթյունի հետևանքով կոտրված ապակիները:

Հարևան շենքի բնակիչ Գագիկ Նադրյանի տան ապակիներն են կոտրվել պայթյունի հետևանքով: «Ազատության» հետ զրույցում բնակիչը պատմեց․ - «Տանը չեմ եղել, երբ եկա՝ տեսա այս վիճակը․ ապակիները կոտրված, նույնիսկ երկաթյա դուռը լռվել է այդ հարվածից, չի բացվում: Խնդրել եմ գան, օգնեն, որ բացենք»:

Հարևան բնակարանում հենց պատուհանի տակ երեխան է քնած եղել․- «Գմփոց․․․ սաղ շուշեքը լցվավ էրեխու վրա: Որոշ չափ պահեցին վարագույրները, որոշ չափ ծածկոցը՝ բան չեղավ էրեխին: Վազեցինք՝ եկանք էրեխուն շուշեքի միջից հանեցինք»:

XS
SM
MD
LG