Մատչելիության հղումներ

Հրազդանում ընտրակաշառքի մասին ահազանգերով քրգործ է հարուցվել


Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քվեարկությունը ընտրատեղամասերից մեկում, 17-ը ապրիլի, 2016թ․
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քվեարկությունը ընտրատեղամասերից մեկում, 17-ը ապրիլի, 2016թ․

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի ապրիլի 17-ի ընտրությունների նախօրեին և ընթացքում ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումների հիման վրա:

Հատուկ քննչական ծառայությունը այսօր տարածած հաղորդագրությունում նշում է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քվեարկության նախօրեին «զանգվածային լրատվամիջոցներում՝ էլեկտրոնային լրատվական կայքերում և տպագիր մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի կողմնակիցները բնակչության շրջանում ընտրակաշառք են բաժանել, և որպես հավաստող տվյալներ ներկայացվել են տարբեր անձանց հարցազրույցներ պարունակող տեսանյութեր»:

«Բացի այդ, 2016 թվականի ապրիլի 12-ին քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում ընտրակաշառք բաժանելու մասին, իսկ 2016 թվականի ապրիլի 17-ին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ն․ Փաշինյանը երկու հաղորդում է ներկայացրել, որոնցում հղում է կատարել համացանցում հրապարակված տեսանյութերին», - ասված է հաղորդագրությունում:

ՀՔԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում «պարզվել է, որ լրատվամիջոցների հրապարակումներում և Ն. Փաշինյանի հաղորդումներում հղում արված տեսանյութերում պատկերված տարբեր անձինք հայտնել են քաղաքապետի թեկնածու Ա. Դանիելյանի օգտին կողմ քվեարկելու դիմաց անհայտ անձանց կողմից իրենց գումար տալու կամ գումար խոստանալու մասին»:

Հրազդանի քաղաքապետի ընտրության օրը և դրան նախորդող օրերին թեկնածուի օգտին քվեարկելու պայմանով կաշառք ստանալու և նույն նպատակով անհայտ անձանց կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին՝ «թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը», և 2-րդ՝ «ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով», մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Քրեական օրենսգրքի տվյալ հոդվածը նախատեսված է տուգանքից մինչև հինգ տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG