Մատչելիության հղումներ

logo-print

Գիշերը Մարտակերտն ու Մատաղիսը ենթարկվել են հրետակոծության և արկակոծության


Մարտակերտը՝ հրետակոծությունից հետո, 26-ը ապրիլի, 2016թ.

Մարտակերտը՝ հրետակոծությունից հետո, 26-ը ապրիլի, 2016թ.

«Մարտակերտ քաղաքի հրետակոծությունն ավելի ինտենսիվ էր, քան քառօրյա պատերազմի ժամանակ», - ասում է Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նախորդ գիշեր իրավիճակը, ղարաբաղյան կողմի փոխանցմամբ, շփման գծում ամենալարվածներից էր: Բացի մարտական դիրքերից արկակոծվել են նաև բնակավայրեր:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման հետևանքով զոհվել են պայմանագրային զինծառայողներ 24-ամյա Տիգրան Պողոսյանը և 44-ամյա Արամ Առուշանյանը:

Ըստ հաղորդագրության, ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ադրբեջանական կողմը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` «օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա»:

Մասնավորապես նշվում է տարբեր տեսակի արկերի, ականանետերի, նռնականետերի, տանկի, զենիթային ու ռեակտիվ հրթիռային կայանքի կիրառման մասին:

Ըստ ղարաբաղյան կողմի, բացի մարտական դիրքերից, Ադրբեջանը «Գրադ» կայանքներից արկակոծել է Մարտակերտ քաղաքը, իսկ Մատաղիս գյուղը հրետակոծվել է:

Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանն «Ազատության»-ն ասաց, որ նույնիսկ քառօրյա պատերազմի օրերին քաղաքը նման արկակոծման չէր ենթարկվել: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան:

«Գիշերը, ժամը 1-ի սահմաններում սկսվել է Մարտակերտ քաղաքի հրետակոծությունը։ Նշեմ, որ ավելի ինտենսիվ, քան քառօրյա պատերազմի ժամանակ էր։ Ավերվել են բնակելի տներ, խանութը, քաղաքապետարանի շենքը, առևտրի օբյեկտներ, ահագին ավերածություններ կան։ Մարդկային զոհեր, փառք Աստծո, չունենք։ Համոզված կարող եմ ասել, որ իրենք դիտմամբ հենց քաղաքին էին խփում, քաղաքի կենտրոնին էին խփում», - ասաց Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով՝ անկախ պատերազմական վիճակից, բնակիչներն իրենց տները լքել չեն պատրաստվում։

«Խուճապ չկար: Հրետակոծության ժամանակ ժողովուրդը թաքստոցներում, ապաստարաններում է լինում։ Տասնյակ տարիների ընթացքում սարքած տունը, տեղը ո՞նց թողեն գնան, կամ ո՞ւր գնան», - ասաց Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը։

Իսկ Մատաղիսի դպրոցի տնօրենը, ով ժամանակավորապես փոխարինում է նաև ապրիլյան բախումների սկզբում վիրավորված գյուղապետին, «Ազատության»-ն ասաց, որ հրադադարի պայմանավորվածությունից հետո արդեն երկրորդ գիշերն է, ինչ գյուղը արկակոծվում է:

«20-ից ավելի արկ է գյուղի տարածքում պայթել։ Հիմնականում էլեկտրալարերն են վնասվել, հինգ արկ ջրամբարի մեջ է ընկել, մյուս մասը, կարելի է ասել, հիմնականում գյուղին մոտ սարերի վրա։ Տներ չեն վնասվել», - ասաց դպրոցի տնօրենը։

Մատաղիսցիները ևս, ըստ դպրոցի տնօրենի, գիշերները պատսպարվում են արկակոծություններից, իսկ ցերեկները շարունակում են իրենց աշխատանքը։ «Խուճապ չկա, հենց առաջին երկու պայթյուններից անմիջապես մտնում ենք ապաստարաններ, նկուղներ, սպասում ենք այնքան ժամանակ, որ լռում է, նոր դուրս ենք գալիս», - ասաց դպրոցի տնօրենը։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության համաձայն, ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները չեզոքացնելու նպատակով ղարաբաղյան բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի և թիրախային հարվածներ հասցրել նրա առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի նշանակալի կորուստներ:

Ըստ հաղորդագրության, ապրիլի 26-ի առավոտվա դրությամբ շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ էր:

Ադրբեջանի պաշտպանություն նախարարությունն այս պահի դրությամբ իր զոհերի մասին տեղեկություն չի հաղորդում: Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, սահմանային Թերթերի շրջանը գիշերը գնդակոծվել է հայկական զինված ուժերի կողմից:

Այսօր շրջան է այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և հայտարարել, թե՝ «թշնամուն արժանի պատասխան է տրվել»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում պատահական չհամարեց, որ սահմանային նոր լարվածությունը համընկնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Բաքու կատարած այցի հետ:

«Այսպիսի օրինաչափություն կա․ երբ Էրդողանը եկել է Բաքու կամ երբ եղել են այդպիսի հանդիպումներ, անպայման այսպիսի մի բան է տեղի ունեցել», - նշեց նա:

Բաբայանը կրկնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միտքը, որ ցանկացած պահի լայնածավալ պատերազմը կարող է վերսկսվել:

XS
SM
MD
LG