Մատչելիության հղումներ

ԱՆ. Ավտոբուսի պայթյունից տուժածների վիճակը գնահատվում է կայուն


Պայթյունից տուժած կինը՝ հիվանդանոցում

Պայթյունից տուժած կինը՝ հիվանդանոցում

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է ստանում յոթ քաղաքացի, որոնցից մեկն այսօր առավոտյան ժամը 4-ի դրությամբ է տեղափոխվել բուժհաստատություն: 62-ամյա կնոջ պնդմամբ` նա ևս ավտոբուսի պայթյունից է տուժել:

Կինը նշել է, որ ինքնուրույն հեռացել է պատահարի վայրից, սակայն ինքնազգացողության վատացման պատճառով դիմել է շտապօգնության ծառայության և տեղափոխվել բժշկական հաստատություն: Նրա ինքնության մանրամասները ճշտվում են իրավապահ մարմինների կողմից:

Նախարարությունը փոխանցում է, որ առավոտյան ժամը 10-ի դրությամբ բոլոր տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն:

«Վիրահատված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ: Վիրահատական բարդ միջամտության արդյունքում բժիշկներին հաջողվել է պահպանել պատանիներից մեկի վերջույթը: Առավոտյան տղաները կրկին անցել են բոլոր անհրաժեշտ հետվիրահատական հետազոտությունները, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երկուսն էլ եկել են գիտակցութան, սակայն մեկը դեռևս շնչում է արհեստական սարքի օգնությամբ: Բժշկական անձնակազմի խոսքով` երիտասարդներին հետագայում սպասում է վերականգնողական և պլաստիկ կրկնակի վիրահատություններ», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ նախարարության, մյուս տուժածների մոտ առկա են սալջարդեր և բեկորային վնասվածքներ: Բոլորի վիճակը բավարար է, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները և բժշկական միջամտությունները, նրանք գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո:

«Տուժածներից մեկը` 37-ամյա հղի կին է, որի կյանքին և պտղին վտանգ չի սպառնում: Նրան հսկում է գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը: Հիվանդներն ապահովված են բոլոր անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG