Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը հարցնում է` ինչո՞ւ Կոսովոյին կարելի է ինքնորոշվել, իսկ Ղարաբաղին՝ ոչ:

«Հասունացել է միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու պահը, որպեսզի կանխվի բնակչությանը սպառնացող վտանգը», - Ստեփանակերտ կատարած այցից հետո այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

Եվրոպական խորհրդարանում Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ղեկավարը հռետորական հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ Կոսովոյին կարելի է ինքնորոշվել, իսկ Ղարաբաղին՝ ոչ:

«Ադրբեջանը տրամադրված է պատերազմելու անկախ ամեն ինչից, կապ չունի, թե ինչ տեղի կունենա` անկախության ճանաչմամբ, թե առանց դրա: Ղարաբաղն իրականություն է, այն իրականություն էր Սովետական Միության փլուզումից հետո, և նման իրավիճակում ես չեմ հավատում, որ Արցախի անկախության ճանաչումը դարձնում է պատերազմն ավելի հավանական, քան ստատուս քվոյի պահպանումը», - ասաց Էնգելը:

Լյուքսեմբուրգից ընտրված պատգամավորը, օրեր առաջ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում, հայտարարել էր, որ «այսօր Ադրբեջանը մնում է ագրեսոր, ինչպես որ ագրեսոր էր 24 տարի առաջ»: Էնգելը վստահ է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը ևս սանձազերծվել է Ադրբեջանի կողմից. - «Ո՞վ պատերազմը վերսկսելու շահ ունի, Ղարաբաղը՝ ոչ, Ղարաբաղը ցանկանում է ապրել խաղաղության մեջ, իր ունեցած տարածքներով, ինչո՞ւ Ղարաբաղը պետք է գրոհի ադրբեջանական դիրքերը, Հայաստանն էլ ուղիղ կողմ չէ սրա մեջ, էլ ո՞վ մնաց»:

Էնգելը հիշեցրեց, որ հենց Ադրբեջանն է հրաժարվում հրադադարի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմ ստեղծել. - «Ինչո՞ւ նրանք չեն համաձայնում, քանի որ թաքցնելու բան ունեն, և այն, ինչ թաքցնում են, հասարակ փաստ է, որ նրանք հիմա ցանկանում էին ներխուժել Ղարաբաղ և հետ վերցնել այն, բայց ձախողվեցին»:

Հիշեցնելով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Թալիշում սպանված ծեր մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ու երեք զինծառայողների գլխատման փաստը` Էնգելը հայտարարեց՝ այս օրերին, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 101-ամյակը, պետք է անել ամեն ինչ մեկ այլ ցեղասպանություն թույլ չտալու համար:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը դատապարտեց նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական սպառազինության վաճառքը:

XS
SM
MD
LG