Մատչելիության հղումներ

Մոլդովայում բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության ուժերի հետ բախումներով


Մոլդովայի մայրաքաղաքում ամիսներ շարունակվող բողոքի ակցիաները ոչ միայն չեն մարում, այլ գնալով ահագնանում են:

Կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրություններ պահանջող հազարավոր ցուցարարների բողոքի ակցիան երեկ ավարտվել է ոստիկանական ուժերի հետ բախումներով: Մոլդովական լրատվամիջոցների փոխանցմամբ, ոստիկանների հետ բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ցուցարարները շարժվել են դեպի իշխող կոալիցիայի մաս կազմող Ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ, մեծահարուստ գործարար Վլադ Պլախոտնյուկի առանձնատուն:

Բողոքի ակցիայի մասնակիցները նախ փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը, այնուհետև քարեր և ձվեր նետել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի առանձնատան ուղղությամբ:

Ի պատասխան` ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Հաղորդվում է ավելի քան մեկ տասնյակ տուժածների մասին, այդ թվում` ոստիկանների, ովքեր գտնվում են հիվանդանոցներում:

Միջադեպերի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել, սակայն առայժմ կասկածյալների անուններ չեն հայտնում:

Ոստիկանության գնահատմամբ՝ ակցիային մասնակցել է շուրջ 10 հազար ցուցարար: Այն կազմակերպվել է «Արժանապատվություն և ճշմարտություն» քաղաքացիական պլատֆորմի կողմից:

Հակակառավարական ցույցի մասնակիցները պնդում են, որ իշխանությունները կախման մեջ են օլիգարխներից, և կառավարության որոշումները չեն բխում ժողովրդի շահերից: Հանրահավաքի առաջնորդները դիմել են Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպանին և Եվրամիության պատվիրակության ղեկավարին, կոչ անելով չաջակցել իշխանություններին, որոնց ընդդիմությունը մեղադրում է կոռուպցիայի մեջ:

Մոլդովայի ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է ավելի քան մեկ տարի: Այս ընթացքում երկրում վեց վարչապետ է փոխվել: Հունվարին երկրի խորհրդարանը հաստատեց Պավել Ֆիլիպի գլխավորած նոր կառավարության կազմն ու ծրագիրը, ինչը երկրում է՛լ ավելի մեծացրեց դժգոհությունների ալիքը, որն էլ շարունակվում է մինչ օրս:

Ֆիլիպի գլխավորած կառավարությանը դեմ է թե՛ ռուսամետ Սոցիալիստական կուսակցությունը, որը թվով ամենաշատ պատգամավորներն ունի խորհրդարանում, և թե՛ եվրոպամետ ընդդիմադիր ուժերը, որոնք անցյալ սեպտեմբերից արտահերթ ընտրություններ են պահանջում: Քաղաքական այս ուժերը պնդում են, որ կառավարության կազմի հաստատումը իրականացվել է ընթացակարգային խախտումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG