Մատչելիության հղումներ

Հալեպում երեկ մարտական գործողությունների հետևանքով 26 մարդ է զոհվել


Սիրիա - Հալեպի Սալիհին արվարձանը օդային հարվածից հետո, 24-ը ապրիլի, 2016թ․

Սիրիա - Հալեպի Սալիհին արվարձանը օդային հարվածից հետո, 24-ը ապրիլի, 2016թ․

Այս պահին հայտնի չէ՝ զոհերի թվում հայեր կան, թե՝ ոչ։

Երեկ Սիրիայի Հալեպ քաղաքում առնվազն 26 մարդ է զոհվել՝ կառավարական զորքերի և ապստամբների միջև վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով։ Նրանց մի մասը, այդ թվում` երեխաներ, զոհվել են քաղաքի շուկայի գնդակոծությունների հետևանքով: Եվս 27 մարդ Հալեպում զոհվել էր շաբաթ օրը։ Այս պահին հայտնի չէ՝ զոհերի թվում հայեր կան, թե՝ ոչ։

«Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հրետակոծություններից տուժել են նաև հայկական թաղամասերը։

Այսօր առավոտյան, Պողիկյանի փոխանցմամբ, «Գանձասար»-ի խմբագրությունում շինարարություն էին սկսել՝ փորձելով վերականգնել նաև խմբագրությանը հասած վնասները։ «Բարեբախտաբար վիրավորներ չկան, ապակիներ են ջարդվել, համակարգիչներ՝ վնասվել։ Այսքանով սահմանափակվեց, բարեբախտաբար։ Բայց եթե դուրս նայենք, ուղիղ շենքի մուտքին է հարվածել հրթիռը և ամբողջ հարկը փլվել է», - ասաց Պողիկյանը։

Սիրիայի կառավարության և ընդդիմադիր խմբավորումների միջև փետրվարին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունները հատկապես վերջին երկու շաբաթվա ընթացքում հաճախ են խախտվում, «Ազատության»-ն ասաց Հալեպում լույս տեսնող «Գանձասար»-ի խմբագիրը։

«Օրինակ, առաջ ավելի հանգիստ պայմաններում էինք աշխատում, բայց հիմա կրկին վախի մեջ ենք. մտավախություն կա, որ հրթիռները բնակելի շենքերի վրա կընկնեն», - ասաց խմբագիրը։

Զարմիկ Պողիկյանը խոսքով՝ Հալեպում կենցաղային խնդիրները շատ թե քիչ լուծվել են՝ գեներատորների հաշվին էլեկտրաէներգիա են ստանում, ջուր ունեն, սննդամթերքի ու վառելիքի պակաս չկա, բայց սոցիալական վիճակը լարված է մնում. ազգային դրամի արժեզրկման պատճառով գներն աճել են։ Թեև Պողիկյանը վստահեցնում է, թե մարդիկ հրետակոծությունների տակ ապրելուն հարմարվել են։

«Այսինքն՝ մարդիկ խուճապի չեն մատնվել, երևի համակերպվեցին այս կացության հետ։ Խուճապ չկա, դպրոցներն աշխատում են, կյանքն իր բնականոն հունով շարունակվում է, բայց՝ վտանգի մեջ», - փոխանցեց թերթի խմբագիրը։

Սիրիայի հարցին երեկ Գերմանիայում անդրադարձել են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Երկու առաջնորդները վերահաստատել են, որ պետք է շարունակել խաղաղ բանակցությունները և խաղաղ ճանապարհով ճգնաժամը կարգավորելու փորձերը։

Այս շաբաթ Ժնևում կշարունակվեն Սիրիայում խաղաղության հաստատման հարցով բանակցությունները։ Հայազգի խմբագիր Զարմիկ Պողիկյանը վստահ է, որ այդ բանակցություններն արդյունք կտան միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերն անաչառությամբ մոտենան հարցին։

Նշենք, որ առնվազն 250 հազար մարդ է զոհվել Սիրիայում հնգամյա հակամարտության արդյունքում։ Միլիոնավոր տեղացիներ լքել են երկիրն ու փախստական դարձել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG