Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի


Ամերիկյան Bloomberg մեդիա ընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահն ասել է, թե պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահի, և որ հակամարտություն լուծման ուղղությամբ բանակցությունների հեռանկարը մեծ չէ:

Սերժ Սարգսյանի խոսքով, Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը կարող է բավարար չլինել կանխելու համար «է՛լ ավելի լայնածավալ» բախումները այս ամիս ավելի վաղ ադրբեջանցիների ու հայերի միջև «քառօրյա պատերազմից» հետո՝ «հարյուրավոր տանկերի» և շուրջ 30 հազար հրետանային արկերի գործադրմամբ:

Նախագահն ասել է, որ Հայաստանի համար «խելամիտ» չի լինի վերադառնալ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այսօր բոլորովին այլ է»․ - «Մինչ մենք բանակցություններ կվարենք, զինվորականներն այստեղ մարտական գործողություններ կծավալեն՝ փորձելով լուծել հակամարտությունը»:

Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովի այցին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Լավրովը «նոր առաջարկներ չէր բերել՝ քաջ գիտակցելով, որ քառօրյա պատերազմից անմիջապես հետո անիմաստ է բանակցությունների մասին խոսելը»:

Թեև հրադադարի շուրջ բանակցությունները Մոսկվայում անցնում էին ՌԴ Զինուժի Գլխավոր շտաբի պետի միջնորդությամբ, ռուս խաղաղապահները, ըստ Սարգսյանի, անելիք չունեն հակամարտության գոտում: Նշելով, որ նախկինում բանակցությունների ընթացքում ռուսաստանյան ուժերի տեղակայման շուրջ խոսակցությունները «անհիմն չէին»՝ Հայաստանի նախագահն ասել է․ - «Այսօր ես նման հնարավորություն չեմ տեսնում»:

«Եթե բանակցություններ չեն վարվում, ինչպե՞ս կարող են ռուսաստանյան ուժերը հայտնվել Ղարաբաղում կամ ադրբեջանական և ղարաբաղյան ուժերի միջև», - ասել է Սերժ Սարգսյանը:

Հարցազրույցում Հայաստանի նախագահը նաև գաղտնազերծել է, որ 2011 թվականին Կազանում Ալիևի հետ բանակցությունների շրջանակում ինքը պատրաստակամություն էր հայտնել դուրս բերել հայկական ուժերը Ադրբեջանի հինգ շրջաններից և համաձայնել խաղաղապահների տեղակայմանը․ - «Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները երկու երկրների առաջնորդներին հորդորում էին լուծել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիրը, որով նաև հետաձգվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ վերջնական որոշումը, բայց Ալիևը հրաժարվեց»:

«Դա այն ժամանակն էր, երբ Ադրբեջանը հարստանում էր նավթի հաշվին ու խոսում ռազմական բյուջեի չափի մասին», - 2011-ի ձախողված բանակցությունների մասին ասել է Հայաստանի նախագահը․ - «Այն, ինչ տեղի ունեցավ հիմա, ակնկալելի էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG