Մատչելիության հղումներ

Բախշյանը՝ Մարգարյանին․ «Չե՛ք կարող արգելել 17-18 տարեկաններին ունենալ քաղաքական համոզմունքներ»


Անահիտ Բախշյան
Անահիտ Բախշյան

Այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է դպրոցների տնօրենների հետ աշխատանք տանել անչափահասների՝ հատկապես քաղաքական տրամադրություններ ունեցող միջոցառումներին մասնակցությունը չթույլատրելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում է մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Ընդդիմադիր գործիչը կարծում է՝ քաղաքապետը նկատի ուներ անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին և նրա տարիքի երիտասարդներին, ովքեր 17-18 տարեկան են, դեռևս դպրոցական «ու նախանձելիորեն՝ համարձակ»:

«Ուրեմն հիշեցնեմ պարոն Մարգարյանին, որ Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն ու իր շատ համախոհ երիտասարդներ Խորհրդային Հայաստանում այդ տարիքում արդեն պայքարում էին Հայաստանի անկախության գաղափարները տարածելու համար, և նրանց ցանած սերմերից, ի դեմ Շահենի, ծնվել են այն երիտասարդները, ովքեր շարունակում են իրականացնել ազատ ու անկախ Հայաստան պետության՝ Աշոտ Նավասարդյանի ու իր համախոհների տեսլականը, որը տարօրինակ կերպով չի համընկնում այսօրվա ՀՀԿ-ի տեսլականի հետ», - ընդգծում է Անահիտ Բախշյանն իր հաղորդագրությունում՝ շարունակելով․ - «18 տարեկան այս երիտասարդներն են հուլիսին զորակոչվելու հայկական բանակ ու զենքով են պահելու իրենց արժանապատվությունը, ինչպես այսօր են անում: Այնպես որ, նրանց ընդամենը կարող եք խելամտորեն ուղղորդել, պարոն Մարգարյան, Դուք չե՛ք կարող թույլատրել կամ չթույլատրել նրանց ունենալ իրենց համոզմունքները, իսկ օրինակ վերցնել իհարկե կարող եք Անդրանիկ Մարգարյանից»:

Որպես հետգրություն՝ Բախշյանը հայտնում է, որ նույն խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հանձնարարել է անշարժ գույքի և սոցիալական վարչության պետերին ուսումնասիրել երևանաբնակ զոհված զինծառայողների բնակարանային պայմանները՝ բնակարանով նրանց ապահովելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG