Մատչելիության հղումներ

Մշակութային միջոցառումներ Երևանում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան


Վլադիմիր Սպիվակովը ղեկավարում է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, Երևան, ապրիլ, 2015թ.
Վլադիմիր Սպիվակովը ղեկավարում է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, Երևան, ապրիլ, 2015թ.

Այս շաբաթավերջին Երևանում հյուրախաղերով հանդես է գալու նաև աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը։

Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին նախորդող և հաջորդող օրերն ավանդաբար հագեցած են լինում մշակութային ամենատարբեր ձեռնարկներով:

Մինչև ապրիլի 24-ը Երևանի Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցան «Կանչ» և «Արմատներ» հայկական գերղարվեստական լիամետրաժ ֆիլմերի պրեմիերաները։

Ցեղասպանությանը նվիրված խորհրդանշական ցուցահանդեսներ բացվեցին այս օրերին թե՛ պետական, թե՛ հատկապես մասնավոր ցուցասրահներում, որտեղ ներկայացվեցին մեր ժամանակակից արվեստագետների աշխատանքները, նաև 20-րդ դարի մեր լավագույն նկարիչների, ճարտարապետների, նախագծային աշխատանքները, օրինակ, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հետմահու անհատական ցուցահանդեսը, որտեղ շատ ուշագրավ աշխատանքներ էին ներկայացված։

Ժամանակակից արվեստի թանգարանում իր «Ավանգարդիստական աշխարհայացքներ» անհատական ցուցահանդեսը ներկայացրեց գեղանկարչուհի Զառա Խաչատրյանը։ Ապրիլի 23-ին Եգիպտոսից ժամանած ուդահար, երգահան Ջորջ Գազազյանն էլ ժամանակակից երաժշտության վարպետ, շվեյցարուհի, անվանի ակորդեոնահար Պատրիսիա Դրագերի հետ երևանյան մի քանի համերգասրահներում ներկայացրեց «Պարող ծաղիկներ․ Սփյուռքից հայրենիք՝ 100 տարի անց» խորագրով համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին։

Այս օրերին Երևանում են նաև սփյուռքից ժամանած թատերախմբեր, որոնք մայրաքաղաքի թատերասերների համար հետաքրքիր ներկայացումներ են նախապատրաստել։

Իսկ այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես է գալու «Գրեմմի»-ի մրցանակակիր Էստոնական ազգային արական երգչախումբը՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 16-րդ փառատոնի շրջանակում։ Համերգային ծրագրում՝ արևմտաեվրոպական կոմպոզիտորներ և Կոմիտաս վարդապետ։

Շաբաթավերջին էլ՝ ապրիլի 28-ին և 29-ին Երևանում հյուրախաղերով հանդես է գալու աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը՝ իր ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի հետ։ Ուշագրավ է, որ երկօրյա համերգային ծրագրերը բոլորովին տարբեր են, համերգների ընթացքում հանդես են գալու նաև մենակատարներ։

Վերջին անգամ Վլադիմիր Սպիվակովը Հայաստան էր եկել 2015 թվականի ապրիլին․ նրա նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոնը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG