Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման Հանովերում բանակցություններ է անցկացրել Անգելա Մերկելի հետ


Բարաք Օբաման և Անգելա Մերկելը, 24-ը ապրիլի, 2016թ.

Բարաք Օբաման և Անգելա Մերկելը, 24-ը ապրիլի, 2016թ.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գերմանիա կատարած իր երկօրյա այցի շրջանակում Հանովերում բանակցություններ է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Բանակցությունների օրակարգում Սիրիայի հետ կապված խնդիրներն էին, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և Ուկրաինայում իրավիճակը։

Միացյալ Նահանգների առաջնորդը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Նա ասել է, թե այսօր Ռուսաստանի ագրեսիվ դիրքորոշման պատճառով դաշինքի յուրաքանչյուր անդամ պետք է ցույց տա, որ կարող է կատարել ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները և պայքարել նոր մարտահրավերների դեմ։

Մերկելի հետ հանդիպմանը Օբաման ևս մեկ անգամ նշել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները կվերացվեն այն ժամանակ, երբ Ռուսաստանը կկատարի Մինսկի համաձայնագրերը։ Օբաման Ուկրաինայի կառավարությանը կոչ է արել հանուն սեփական ժողովրդի շարունակել բարեփոխումները։

Անդրադառնալով Սիրիային՝ Օբաման և Մերկելը վերահաստատել են, որ պետք է շարունակել խաղաղ բանակցությունները և խաղաղ ճանապարհով ճգնաժամը կարգավորելու փորձերը։

Ամերիկյան թերթերը գրել են, որ այսօր Օբաման պաշտոնապես կհայտարարի ԱՄՆ-ի հատուկ ուժերի 250 ծառայողներ Սիրիա ուղարկելու մասին։

The Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ը Սիրիայում կունենա 300 զինվորական։ Թերթը հավելում է, որ Օբամայի ռազմական հարցերով խորհրդականները համոզել են նրան, որ ամերիկացի զինվորականները օգնեն Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում։ Ենթադրվում է, որ ամերիկացի զինվորականները ռազմական գործողություններին անմիջականորեն չեն մասնակցի։

XS
SM
MD
LG