Մատչելիության հղումներ

Նրանք, ովքեր չեն նկատում ոստիկանության բարեփոխումները տեսողության ու լսողության խնդիրներ ունեն, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց Վալդիմիր Գասպարյանը

Նրանք, ովքեր չեն նկատում ոստիկանության բարեփոխումները տեսողության ու լսողության խնդիրներ ունեն, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց ոստիկանապետ Վալդիմիր Գասպարյանը՝ արձագանքելով քննադատությանը, թե ոստիկանության ձեռագիրը չի փոխում, քանի որ վերջին բողոքի ցույցին՝ ապրիլի 22-ին, կրկին բերման ենթարկեցին նաև մայթերին կանգնած ցուցարարների։

Ավելին՝ 1in.am կայքի աշխատակիցները պնդում են, որ տեղի ունեցածը լուսաբանող իրենց երկու օպերատորների աշխատանքն էլ ոստիկանները խոչընդոտել են՝ բռնի ուժով մտցրել են մեքենա և ոստիկանական մեքենայում մոտ 10 րոպե պահելուց հետո միայն բաց թողել։

«Դա տեսողության, լսողության և հասկանալու խնդիրներ են: Ոստիկանությունը փոխվել է, և շատ է փոխվել: Ուղղակի մարդիկ կան, որոնք ուզում են դա տեսնել, մարդիկ կան, որոնք ժխտողական են: Լրագրողներ կան: Ոչ մի լրագրող, պաշտոնապես հայտարարում եմ, բերման չի ենթարկվել, մեղմ ասած՝ սուտ ա», - հայտարարեց Գասպարյանը՝ շարունակելով, - «Ես կարծում եմ, որ լրագրողները, եթե լրագրողներ են, այլ ոչ թե բեյջերը բաժանած տղաներ և աղջիկներ, մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ ամեն ընտրություններին և ըսենց միջոցառումներին բեյջեր են բաժանում՝ կրծքավանդակներին կպցրած մասնակցում են»:

Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության սխալները, լրատվամիջոցի տպագրական սխալների հետ համեմատելով, պնդեց ոստիկանությունը սխալները տեսնում են, իսկ լրատվամիջոցներից շատերը ոչ։ Լրագրողներից մեկին էլ ոսստիկանապետն ասաց՝ «ես քո մեջ կին չեմ տեսնում»։

«Բարեփոխվեք, սիրելիներս, դուք շատ հին եք մնացել: Դուք դեղնում եք, գունաթափվում եք», - նաև ասաց ոստիկանապետը:

Անդրադառնալով նաև ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած բախումներին՝ Գասպարյանը հայտարարեց՝ բանակն ու ոստիկանությունը զինված ուժեր են՝ մեկ համակարգ․ - «Մեր ոստիկանները այս պահին ծառայություն են կատարում սահմանի վրա: Ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել: Ամեն ինչ չէ, որ պետք է սելֆի մակարդակով անել: Ամենակարևորը՝ ունենք ոգի, դրանում բոլորս համոզվեցինք: Սակայն այդ ոգու հետ, միասնության հետ՝ ունենք նաև ներքին խժդժումներ, որոնք հարիր չէ մեր ժողովրդին»:

Օրվա առաջին կեսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին եկել նաև գլխավոր դատախազն ու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ովքեր չպատասխանեցին լրագրողների հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG