Մատչելիության հղումներ

109-ամյա Մարիամ Գրիգորյանը շատ բան արդեն չի հիշում, սակայն ամեն օր աղոթում է խաղաղության համար։

Աղոթելու համար տատիկը տանն իր անկյունն ունի։ Քրդերեն է աղոթում։ Ժամանակին քրդերի ու թուրքերի հետ միասին էինք ապրում՝ ասում է։ Թուրքիայից իր հետ բերած ասորերեն Աստվածաշունչն էլ տանը չեն հասկանում, բայց խնամքով պահում են, ու հյուրերին ցույց տալիս։ Փախուստի պատմությունը Մարիամ տատիկը չի սիրում պատմել։

«Ինչքա՜ն եմ մղկտացել ու ապրում եմ․․․ ինչ տեսել եմ՝ պատմել չի լինի», - ասում է նա:

Ջարդերի ժամանակ յոթամյա Մարիամը տեսել է, թե ինչպես են մորն ու գրկի եղբորը սպանում։ Մեծ քրոջ ու եղբայրների հետ Բադ գյուղից Սիրիա է փախել, հետո արդեն ամուսնացել ու Հայաստան տեղափոխվել։ Քույրերն ու եղբայրներն արտերկրում են մնացել։ Նրանց շուրջ հիսուն տարվա ընդմիջումից հետո հանդիպել է 80-ականների վերջին։ Եղբայրների նկարը մեծացրել ու սենյակում է դրել։ Մի անկյունում էլ ամուսնու՝ սասունցի Ավետիսի դիմանկարն է։ Հայաստան տեղափոխվելուց հետո ընտանիքը Արարատի Վանաշեն գյուղում է հաստատվել։ Այստեղ 109-ամյա տատիկը թոռների ու ծոռների հետ է ապրում։ Երբեմն, սակայն շփոթում է նրանց։

Մարիամ տատիկը հիմա թոռների համար համեղ կերակուրներ դժվարանում է պատրաստել, սակայն ժամանակին բազմանդամ ընտանիքի հոգսը միայնակ է հոգացել ու ութ երեխաների մեծացրել։ Ավանդական կերակուրներ սկեսրոջից սովորել ու պատրաստում է փոքր հարսը։

Մարիամ Գրիգորյանի ձեռքին խաչ է դաջված։ Քույրն է արել, երբ դեռ շատ փոքր էր։ Ստորագրելուց էլ նույն նշանն է դնում։

«Ամբողջ կյանքում հիշել եմ, որ քրիստոնյա եմ»՝ ասում է։ Քնելուց առաջ դանդաղ քայլերով իր անկյունին է մոտենում ու նորից աղոթում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG